ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի – Sputnik. Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի զեկույցը հետագայում կարող է հիմք դառնալ Ադրբեջանի ղեկավարությանը մեղադրանք առաջադրելու համար։ Twitter–ի իր միկրոբլոգում այս հայտարարությունն է արել ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը նամակով դիմել էր ՄՔԴ նախկին դատախազին` խնդրելով փորձագիտական կարծիք հայտնել Արցախում տիրող իրավիճակի կապակցությամբ։ Օկամպոն Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ երեկ զրուցել է տեսակապով և ներկայացրել Արցախի շրջափակման վերաբերյալ իր իրավական հետազոտության արդյունքները: Նա փաստել է, որ այժմ Ադրբեջանի կողմից ԼՂ–ում իրականացվում է տեղի հայ ժողովրդի ցեղասպանություն, և միջազգային հանրությունը պարտավոր է հրատապ ու գործուն քայլերով կանխել դրա հետագա ընթացքը։
Մարուքյանն անդրադարձել է նաև Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի արձագանքին (ադրբեջանցի պաշտոնյան զեկույցը «կողմնակալ» է որակել)։
«Եթե զեկույցը կողմնակալ լիներ կամ հիմնված չլիներ փաստերի վրա, ապա Հիքմեթ Հաջիևը և ամբողջ ադրբեջանական քարոզչությունը դրան երբեք ուշադրություն չէին դարձնի և իրենց ժամանակից ոչ մի րոպե չէին ծախսի»,– գրել է նա։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցին շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։