ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի – Sputnik. Նիցցայում անհայտ անձինք կոտրել են Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի արձանի երկու մատները: Տեղեկությունը հայտնում է «Nice-Matin»–ը։
Թերթը նշում է, որ քաղաքային իշխանությունները դատապարտել են վանդալիզմի ակտը՝ այն անընդունելի անվանելով։ Բացի այդ, պարբերականի տեղեկություններով՝ քաղաքապետարանի ներկայացուցիչներն արդեն կապ են հաստատել քանդակագործ Պատրիկ Ֆրեգայի հետ, որպեսզի վերականգնի արձանը:
Սա այս հուշարձանի նկատմամբ վանդալիզմի արդեն երրորդ դեպքն է։ Նմանատիպ միջադեպ էր եղել 2020 թվականին՝ արձանի բացումից մի քանի օր անց, ևս մեկն էլ` 2022 թվականի նոյեմբերին։
Հիշեցնենք` Նիցցայում Ժակ Շիրակի 2,2 մետր բարձրությամբ արձանի բացման արարողությունը տեղի է ունեցել 2020 թվականի փետրվարի 8-ին, հուշարձանի շրջակայքի փոքրիկ բակը անվանակոչվել է հանրապետության նախկին առաջնորդի անունով:
Շիրակը մահացել է 2019 թվականի սեպտեմբերի 26-ին 86 տարեկանում։ Նա Ֆրանսիայի նախագահի պաշտոնը զբաղեցրել է 1995-2007 թվականներին, 18 տարի եղել է Փարիզի քաղաքապետը։