ԿԸՀ–ում մուտք է արվել Երևանի քաղաքապետի ընտրությունների մասնակցության առաջին հայտը

ԿԸՀ
Վահագն Հովակիմյանի խոսքով` առաջադրումների հոսքը կլինի վերջին օրերին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի – Sputnik. Կենտրոնական ընտրական հանձնաժողովում այսօր գրանցվել է Երևանի ավագանու ընտրությունների մասնակցության առաջին հայտը։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ տեղեկությունը հայտնեց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։
Նա նշեց, որ առաջինը մուտք է արել «Հայաստանի եվրոպական կուսակցության» փաստաթղթերը (Տիգրան Խզմալյանի կուսակցությունը. խմբ.)։
«Առաջադրումները, ավանդույթի համաձայն, տեղի է ունենում նախավերջին և վերջին օրը։ Այստեղ շատ պրագմատիկ պատճառներ կան, մինչև վերջին օրը փաստաթղթերի հետ կապված հարցեր են ճշգրտում»,–ասաց Հովակիմյանը։
ԿԸՀ նախագահի խոսքով` առաջադրումների հոսքը կլինի այս շաբաթ և կիրակի։
Նշենք, որ օգոստոսի 3–ից մեկնարկել է աշնանը սպասվող ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների առաջադրման պաշտոնական գործընթացը, որը կտևի 10 օր և կավարտվի օգոստոսի 13-ին: Ավագանու ընտրություններին մասնակցելու ցանկություն ունեցող քաղաքական ուժերը և դաշինքները 10-օրյա ժամկետում ԿԸՀ պետք է ներկայացնեն գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը: Իսկ օգոստոսի 23-ից էլ արդեն կմեկնարկի նախընտրական քարոզարշավը։
Հիշեցնենք` Երևանի ավագանու ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 17-ին:
Այս պահի դրությամբ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու և քաղաքապետի պաշտոնին հավակնելու մասին հայտարարել են հետևյալ անձինք ու քաղաքական ուժերը.
Նախկին փոխվարչապետ, այժմ Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյան (իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն),
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյան,
Երևանի Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյան,
«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյան,
«Ազգային առաջընթաց» կուսակցության վարչության անդամ, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարության,
ՀՀ արդարադատության նախկին նախարար, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արտակ Զեյնալյան,
«Հանուն սոցիալական արդարության» կուսակցություն (ՀԱՍԱԿ),
Տիգրան Արզաքանցյանի «Ուժը Հայրենյաց» կուսակցություն (ցուցակը գլխավորում է Նելլի Հարությունյանը),
«Մայր Հայաստան» շարժման համակարգող Անդրանիկ Թևանյան։