ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի – Sputnik. Ի պաշտպանություն Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի իրականացվում է ստորագրահավաք։
Նախաձեռնության նպատակն է Սմբատյանին տալ ազատություն, , որպեսզի նա կարողանա ստեղծագործել։
«Որպեսզի Սերգեյ Սմբատյանի աջակիցները հնարավորություն ունենան իրենց ձայնը բարձրացնելու և զորակցություն հայտնելու Սերգեյ Սմբատյանին, ստեղծվել է կայքը։ Այս հարթակի միջոցով յուրաքանչյուր ոք կարող է միանալ դիրիժորի պաշտպանությանն ուղղված ստորագրահավաքին»,–հայտնում են կազմակերպիչները։
Կայքում այս պահին ստորագրահավաքին միացել է մոտ 400 մարդ։
Հիշեցնենք` հուլիսի 30–ին հայտնի դարձավ, որ կալանավորվել են Իսրայելում և ՌԴ–ում ՀՀ նախկին դեսպան Արմեն Սմբատյանն ու նրա որդին` դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։
Արմեն Սմբատյանին մեղադրանք է ներկայացվել 2003 թ. ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերի խարդախության կազմակերպիչ), իսկ Սերգեյ Սմբատյանին և գործարար Ա.Պ–ին՝ 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերի խարդախություն)։
Մի շարք մշակութային գործիչներ, հայտնի մարզիկներ և բժիշկներ արդեն միջնորդագիր են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին` հորդորելով կալանքից ազատել Սերգեյ Սմբատյանին։ ՀՀ դատախազությունը պատրաստվում է քննարկել նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն անազատության հետ չկապված խափանման միջոցով փոխելու մասին միջնորդագրերը։