Հայկական երեք ֆիլմ ընդգրկվել է «Բայկոնուր» միջազգային կինոփառատոնի եզրափակիչ ցանկում

Կինոդահլիճ. Արխիվային լուսանկար
Փառատոնի շրջանակներում կանցկացվի ԱՊՀ երկրների կինոգետների և քննադատների համաժողով, որտեղ Հայաստանը կներկայացնեն երկու մասնակից:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի – Sputnik. Հայկական երեք ֆիլմ ընդգրկվել է «Բայկոնուր» 8-րդ միջազգային կինոփառատոնի կարճամետրաժ ֆիլմերի եզրափակիչ ցանկում. կինոփառատոնը կանցկացվի սեպտեմբերի 6-10-ը Ղազախստանի Ալմաթի քաղաքում։
Հայաստանը ներկայացնելու են ռեժիսոր Աստղիկ Ղազարյանի «Լիլիթ անունով տիկնիկը», Մարինա Արզումանովայի «Ռոմեո» և Լուսինե Պապոյանի «Հավասարում երկու փոփոխականով» ֆիլմերը:
Ավանդույթի համաձայն՝ արտամրցութային ծրագրի շրջանակներում կանցկացվի ԱՊՀ երկրների կինոգետների և քննադատների համաժողով: Այս տարվա մասնակիցների թվում են կինոգետ Էլեն Դանելյանը և «Ծիրանի ծառ» վավերագրական կինոյի միջազգային փառատոնի տնօրեն Արթուր Վարդիկյանը:
Փառատոնի շրջանակներում կանցկացվեն խաղարկային և վավերագրական կարճամետրաժ ֆիլմերի ցուցադրություններ, անիմացիոն կինոյի փառատոն, հարավկորեական անիմացիոն կինոյի օր, վարպետության դասեր, հայտնի ռեժիսորների և դերասանների դասախոսություններ ու քննարկումներ կլոր սեղանների շուրջ:
Նշենք, որ կինոփառատոնն անցկացվում Է ԱՊՀ մասնակից պետությունների Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ:
2021 թվականին «Բայկոնուր» 6-րդ միջազգային կինոփառատոնի լավագույն ֆիլմ էր ճանաչվել Հայաստանցի ռեժիսոր Ալեքսանդր Բաղդասարյանի «Ամանորյա խոճկորը» ֆիլմը։