Ֆիդանն անուղղակիորեն խոստովանել է թուրք զինվորականների մասնակցությունը 44-օրյա պատերազմին

Հաքան Ֆիդան
Պարգևատրման արարողության ժամանակ թուրք նախարարը հայտարարել է Լեռնային Ղարաբաղում մահացած մարտական ընկերների մասին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի – Sputnik. Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անուղղակիորեն ընդունել է, որ թուրք զինվորականները մասնակցել են արցախյան 44-օրյա պատերազմին։ TRT Haber-ի հաղորդմամբ՝ ավելի վաղ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիայի ազգային հետախուզությունը 13 տարի ղեկավարած Ֆիդանին պարգևատրել էր պետական ծառայության համար մեդալով:
Ֆիդանը, ելույթ ունենալով պարգևատրման արարողության ժամանակ, հայտարարել է, որ այդ մեդալը ստանում է Լիբիայում, Ղարաբաղում, Սիրիայում և Իրաքում Էրդողանի հրամանները կատարելու ընթացքում զոհված ընկերների անունից:
Թուրքիայի և Ադրբեջանի պաշտոնյաները նախկինում ևս չեն թաքցրել Թուրքիայի ուղղակի կամ անուղղակի մասնակցությունը 44-օրյա պատերազմին։ Այսպես` այս տարվա ապրիլին նախկին արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ առանց թուրքական զենքի Ադրբեջանի համար դժվար կլիներ գրավել Լեռնային Ղարաբաղը։ Սակայն առաջին անգամ է, որ թուրքական կողմը խոսում է արցախյան ռազմական գործողությունների ժամանակ իր զինվորականների մահվան մասին։
Թուրքիայի զինուժի ներգրավվածության վերաբերյալ թերի հաշվարկ ենք ունեցել. Տոնոյան