ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի – Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փոխել է թուրքական նահանգների մեծ մասի նահանգապետերին, այդ թվում՝ ծովափնյա Անթալիայի։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Resmi Gazete կառավարական պաշտոնական տեղեկագրին։
Փոխվել են 57 նահանգների նահանգապետերը։ Ընդհանուր առմամբ, Թուրքիան ունի 81 նահանգ։ Նման որոշման պատճառները չեն նշվում։
Նշվում է, որ Ստամբուլի նահանգապետը փոխվել էր դեռ հունիսին` ընտրություններից հետո՝ կապված նախկին նահանգապետ Ալի Երլիկայի՝ ՆԳՆ ղեկավարի պաշտոնում նշանակվելու հետ:
Մի շարք դեպքերում խոսքը մի նահանգից մյուս նահանգ վերանշանակման մասին է։ Ինչպես հետևում է թերթում հրապարակված հրամանագրից՝ Անթալիայի նոր նահանգապետ է դարձել Հուլուսի Շահինը, որն ավելի վաղ գլխավորում էր հարավ-արևելքում գտնվող Մալաթիայի նահանգը: Հանգստավայրի նախկին նահանգապետ Էրսին Յազըջին համապատասխանաբար ուղարկվել է Մալաթիա։
Երկրի արևմուտքում գտնվող Իզմիր նահանգը գլխավորելու է Սուլեյման Էլբանը, Ադանայի նախկին նահանգապետը: Ադանայի նահանգապետ է դարձել Յավուզ Սելիմ Քեշգերը, որը ղեկավարում էր Այդըն նահանգը։ Միևնույն ժամանակ, օրինակ, Սև ծովի Ռիզե նահանգը գլխավորել է սպորտի փոխնախարար Իհսան Բայդաշը։
Անցած շաբաթ Էրդողանի հրամանով փոխել էին 81 նահանգներից 52-ի ոստիկանապետերին։