ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի – Sputnik. ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ստորագրել է հրամանագիր, որը նախատեսում է Չինաստանի տեխնոլոգիական ոլորտում ամերիկյան ներդրումների սահմանափակումներ, այդ թվում՝ երկրում կիսահաղորդիչների և միկրոէլեկտրոնիկայի, քվանտային տեխնոլոգիաների և արհեստական բանականությանմշակման ոլորտում: ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ տեղեկությունը նշված է ԱՄՆ ֆինանսների նախարարության հայտարարության մեջ։
ԱՄՆ-ի առաջնորդը կարծում է, որ «մտահոգություն առաջացնող երկրները» (ԱՄՆ-ն ներկայում նման երկրների շարքին է դասում նաև Չինաստանը) զարգացնում են տեխնոլոգիաներ, որոնք «առանցքային դերակատարում ունեն հետախուզական գործունեության, լրտեսման կամ կիբեռտարածությունում միջոցների կիրառման տեսանկյունից»։
«Այդ երկրների կողմից կիսահաղորդիչների ու միկրոէլեկտրոնիկայի, քվանտային տեղեկատվական տեխնոլոգիաների և արհեստական բանականության ներուժի արագ զարգացումը զգալիորեն մեծացնում է ԱՄՆ-ի ազգային անվտանգությանը սպառնացող գործողություններ իրականացնելու` նրանց հնարավորությունները», - նշվում է փաստաթղթում:
ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչը հատուկ ճեպազրույցում պարզաբանել է, որ Բայդենի հրամանագիրը «ֆինանսների նախարարին լիազորություն է տալիս կարգավորել Չինաստանում ներդրումները մի քանի ոլորտներում՝ կիսահաղորդիչներ, միկրոէլեկտրոնիկա, քվանտային տեղեկատվական տեխնոլոգիաներ և արհեստական բանականության որոշ համակարգեր»:
Աշխատակազմի ներկայացուցիչը հավաստիացրել է, որ հրամանագրի ստորագրումը «քայլ է ազգային անվտանգության, ոչ թե տնտեսության ոլորտում»:
Այժմ ԱՄՆ-ից դուրս եկող ներդրողները պարտավոր են տեղեկացնել երկրի ֆինանսների նախարարությանը։