ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի – Sputnik, Լիլիթ Դեմուրյան. Արցախում, անգամ շրջափակման պայմաններում, առաջին դասարանցիները կունենան հենց հանրապետությունում արտադրված դպրոցական պայուսակներ։ Նախաձեռնությունը Արցախի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանն է, իսկ իրականացնելու է այն «Հայ կրթական հիմնարկություն» հիմնադրամը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում Արցախի նախագահի խորհրդական Լուսինե Ղարախանյանը նշեց, որ այդ պայուսակներն առաջին դասարանցիներին անվճար են տրվելու։
Արցախի ԿԳՄՍ նախարարությունն օրեր առաջ հայտարարել էր «Լույսի պայուսակ» ակցիայի մասին, որին արձագանքել է «Հայ կրթական հիմնարկություն» հիմնադրամը։
«Կարի գործարանի տնօրենի էինք զանգել, ասաց` հնարավոր է, որ դպրոցական պայուսակներ կարեն։ Կտորի հումքը կար գործարանում, և դրա շնորհիվ կարող ենք իրականացնել այս ծրագիրը։ Դիմեցինք ֆոնդերին, շատ արագ հենց «Հայ կրթական հիմնարկությունը» արձագանքեց, շուտով նրանց հետ պայմանագիր կկնքենք։ Մեր երեխաների համար մեկ լուսավոր կետ բացվեց, չնայած որևէ դպրոցականի համար Արցախում հիմա գրենական պիտույք չկա»,– նշեց Ղարախանյանը։
Արցախի նախագահի խորհրդականն ընդգծեց` ներկայում կան օնլայն դասագրքեր, սակայն կապի խնդիրն այնքան մեծ է, որ այդ կերպ էլ հնարավոր չէ դաս սովորել։
Նա շեշտեց, որ շրջափակման պատճառով երեխաները բարոյական ուժեղ ճնշման տակ են, քանի որ բացի գրենական պիտույքներից, չկա նաև քաղցրավենիք, ուտելիք, ինչպես նաև առաջին անհրաժեշտության պարագաներ։ Ծնողներն էլ հատկապես առաջին դասարանցիներին չեն կարողանում բացատրել, թե ինչու իրենց համար տետր ու գրիչ անգամ չեն կարողանում գնել։
«Սա սադիզմ է։ Բոլոր նրանք, ովքեր կարող են որևէ բան անել այս խնդրին վերջ տալու համար, բայց լուռ հետևում են` սադիստներ են»,– ասաց Ղարախանյանը։
Արցախի ԿԳՄՍ նախարարությունը նաև հայտնել է, որ բացի հիմնադամից, գտնվել են նաև այլ բարի մարդիկ և կազմակերպություններ, որոնք իրենց միջոցներով ձեռք են բերել նոր պայուսակներ` առաջին դասարանցիներին նվիրելու համար։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցին ավելի քան 225 օր շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։