ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի – Sputnik. ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ու Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին այսօր քննարկել են Լեռնային Ղարաբաղում օրեցօր վատթարացող հումանիտար իրավիճակը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակը։
Զրուցակիցները շեշտել են Լաչինի միջանցքի արգելափակման վերացման անհրաժեշտությունը:
Գրիգորյանը վստահություն է հայտնել, որ դեսպանը կնպաստի Հայաստանի և Ֆրանսիայի միջև երկկողմ համագործակցության խորացմանն ու ամրապնդմանը բոլոր ոլորտներում:
Նրանք խոսել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում հայ-ֆրանսիական համագործակցության խթանման ու ընդլայնման հետագա հեռանկարների մասին։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցին շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։