ԵՐԵՎԱՆ,10 օգոստոսի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույցի ժամանակ ԱՄԷ արտաքին գործերի նախարար շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղում ահագնացող հումանիտար ճգնաժամը։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Արարատ Միրզոյանը գործընկերոջը ներկայացրել է, որ այդ վիճակը հետևանք է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի՝ արդեն շուրջ 8 ամիս շարունակվող ապօրինի արգելափակման:
ՀՀ ԱԳ նախարար ընդգծել է, որ հունիսի 15-ից Լեռնային Ղարաբաղը գտնվում է լիակատար շրջափակման մեջ, որի պայմաններում ԼՂ 120 հազար բնակչությունն առերեսվում է սննդի, դեղորայքի սուր պակասին։
Նշենք, որ այս պահին Արցախում շարունակում են շրջափակված մնալ 120.000 քաղաքացի, որոնցից 30.000-ը՝ երեխա, 20.000–ը՝ տարեց, 9.000–ը հաշմանդամություն ունեցող անձ և 2000–ը՝ հղի կին։
«Ադրբեջանը չի իրականացնում Արդարադատության միջազգային դատարանի՝ Լաչինի միջանցքով տեղաշարժի վերականգման վերաբերյալ երկու որոշումները և արհամարհում է միջազգային գործընկերների, տարբեր կառույցների հասցեական կոչերը: Ուստի, ներկայիս պայմաններում անհրաժեշտ են հստակ քայլեր, որոնց արդյունքում հնարավոր կլինի հասնել Լաչինի միջանցքի արգելափակման անհապաղ վերացման»,– ասել է նա։
Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև երկկողմ օրակարգին: Երկուստեք պատրաստակամություն է արտահայտվել քայլեր ձեռնարկել ՀՀ և ԱՄԷ միջև փոխգործակցության զարգացման ուղղությամբ՝ նշելով բարձրաստիճան փոխայցելությունների նշանակությունը: