ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի – Sputnik. Առեղծվածային պայմաններում Հայաստանում հայտնված 1 տոննա կոկաինի գործով ԱԱԾ-ի կողմից մի շարք եվրոպական երկրներ նամակներ են ուղարկվել, և կոնկրետ հարցադրումներ են արվել, սպասում են կոնկրետ պատասխանների։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Նշենք, որ այս գործով շարունակում են կալանքի տակ մնալ ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանին պատկանող ընկերության աշխատակիցները, որոնցից մեկը կին է։
Հիշեցնենք` Իտալիայի մաքսային ոստիկանությունը երկրի հարավում գտնվող Ջոյա Տաուրո նավահանգստում 2 տոննա 734 կգ բարձր մաքրության կոկաին էր հայտնաբերել։ Թմրանյութը գտնվել է երկու կոնտեյներների մեջ, այն թաքցրել են 78 տոննա բանանի խմբաքանակում: Բեռը Էկվադորի Գուայակիլ նավահանգստից Հայաստան պետք է տեղափոխվեր վրացական Բաթումի նավահանգստով։ Դրանից հետո Հայաստանի ԱԱԾ–ն հայտնեց, որ Էկվադորից Հայաստան է ներմուծվել շուրջ մեկ տոննա կոկաին (մոտ 250 միլիոն եվրո արժողության):
Մայիսի 24-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ–ում հայտարարեց, թե Հայաստան ներմուծված 1 տոննա կոկաինի հասցեատերը բանանի ներկրմամբ զբաղվող հայտնի ընկերություն է, որի սեփականատերը ԱԺ նախկին պատգամավոր է և այժմ գտնվում է հետախուզման մեջ (նկատի ուներ ՀՀԿ–ական նախկին պատգամավոր, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին,–խմբ.)։ Վերջինս իր հերթին հայտարարություն տարածեց՝ նշելով` ինքն է ԱԱԾ տնօրենին տեղեկացրել, որ կոնտեյների մեջ բանանի փոխարեն կոկաին է եղել։
ԱԱԾ-ն էլ հայտնել էր «Մրգենի» ՍՊ ընկերության փաստացի սեփականատիրոջ, ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի, նույն ընկերության տնօրեն Լ.Ա-ի և պահեստապետ Ս.Գ-ի նկատմամբ խմբի կազմում, նախնական համաձայնությամբ, առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց, մասնավորապես՝ 1 տոննա Կոկային ապօրինի իրացնելու և առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի մաքսանենգություն կատարելու համար ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին:
Հավելենք, որ, իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալներովч «Մրգենի» ՍՊԸ-ն հիմնադրվել է թավշյա հեղափոխությունից հետո՝ 2018 թվականի հուլիսի 27-ին։ Ընկերության տնօրենը Ռուսաստանի քաղաքացի Լևոն Աթաջանյանն է։