ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի – Sputnik. ՀՀ ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնյաները մեղադրվում են շուրջ 50 մլն դրամի յուրացման և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ խոշոր չափի գումար յուրացրած պաշտոնյաներից մեկը Խ. Ա.-ն է, որը 2013-2018 թվականներին զբաղեցրել է ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության (ՊՊԳՎ) Արմավիրի պահպանության բաժանմունքի պետի պաշտոնը։ Նա այդ յուրացումներն ու պաշտոնական փաստաթղթերի կեղծումն իրականացել է իր աշխատակիցների օժանդակությամբ, այդ ժամանակ ՀՀ ոստիկանության ՊՊԳ վարչության պետի պաշտոնը զբաղեցրած անձանց կազմակերպմամբ։
«Կոմիտեից հայտնում են, որ նախաքննությամբ պարզվել է` Խ. Ա.-ն 2013 թվականի հունիսի 29-ից 2018 թվականի հունիսի 23-ը 42 անձի հետ կնքել է օբյեկտների պահպանության իրականացման պայմանագրեր։ Դրանց հիման վրա պահպանության բաժանմունքի ծառայողներն ամսական վարձավճարների դիմաց իրականացրել են տվյալ օբյեկտների պահպանությունը: Նշված ժամանակահատվածում ՊՊԳՎ պետի պաշտոնը հաջորդաբար զբաղեցրել են Ռ. Մ.-ն, Վ. Մ.-ն և Ա. Զ.-ն։ Յուրաքանչյուրն իր հերթին, Խ. Ա.-ին հրահանգել են հիշյալ պայմանագրերի հիման վրա տնտեսվարող սուբյեկտների կողմից տրամադրվելիք վարձավճարներից հափշտակել գումարներ՝ իրենց տալով հափշտակված գումարներից ամսական մասնաբաժին»,– ասված է հաղորդագրությունում:
Հակակոռուպցիոն կոմիտեից նշում են, որ Խ. Ա.-ն, չունենալով կանխիկ գործարքներ իրականացնելու իրավունք, հիշյալ տնտեսվարող սուբյեկտների հետ պայմանավորվել է՝ հաշվեհամարին վարձավճարները փոխանցելու փոխարեն առձեռն իրեն տրամադրել: Այնուհետև նույն բաժանմունքի ջոկի հրամանատար Ա. Ա.-ն Խ.Ա.–ի հանձնարարությամբ յուրաքանչյուր ամիս հիշյալ տնտեսվարողներից առձեռն հավաքագրել է սահմանված գումարները։
Խ.Ա.–ն ստանալով այդ գումարները` չի փոխանցել բաժանմունքի արտաբյուջետային հաշվեհամարին, իսկ հափշտակության հանգամանքը քողարկելու նպատակով իրեն օժանդակող՝ տարբեր տարիներին բաժանմունքի հաշվապահի պաշտոնը զբաղեցրած Ս. Վ.-ի և Գ. Ա.-ի հետ նախնական համաձայնությամբ կեղծել է համապատասխան հաշվետվությունները։
Արդյունքում՝ Խ. Ա.-ն վերը նշված անձանց օժանդակությամբ յուրացրել է բաժանմունքի հաշվեհամարին փոխանցման ենթակա առանձնապես խոշոր չափերով, ընդհանուր՝ 49 մլն 472 հազար 474 ՀՀ դրամը։ Ռ. Մ.-ի պաշտոնավարման ժամանակահատվածում վերջինիս է փոխանցել 11.900 ԱՄՆ դոլարին համարժեք 4 մլն 918 հազար 032 ՀՀ դրամ, Վ. Մ.-ի պաշտոնավարման ժամանակահատվածում նրան է փոխանցել 17.000 ԱՄՆ դոլարին համարժեք 8 մլն 239 հազար 390 ՀՀ դրամ, իսկ Ա. Զ.-ի պաշտոնավարման ժամանակահատվածում նրան է փոխանցել 18.000 ԱՄՆ դոլարին համարժեք 8 մլն 678 հազար 520 ՀՀ դրամ։
Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Խ. Ա.-ին մեղադրանք է ներկայացվել վստահված գույքը հափշտակելու, պաշտոնեական կեղծիքի հոդվածներով։ Ա.Ա.–ին, Ռ.Մ.–ին, Ա.Զ–ին և Գ.Ա.–ին էլ մեղադրանք է առաջադրվել գույքը հափշտակելուն հանցակցելու հոդվածով։ Վերջինիս նաև մեղադրում են պաշտոնեական կեղծիքի մեջ։
Հիշյալ մեղադրյալների վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն դատարան ուղարկելու միջնորդությամբ: