ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի – Sputnik. 2023 թվականի առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ քննչական կոմիտեն քննել է 149.673 քրեական վարույթ, ինչն աննախադեպ ցուցանիշ է։ Այս մասին այսօր ՀՀ քննչական կոմիտեում տեղի ունեցած կոլեգիայի ընդլայնված նիստում զեկուցվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանին, հայտնում են կոմիտեի մամուլի ծառայությունից։
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը կոլեգիայի ընդլայնված նիստում
© Photo : ՀՀ Քննչական կոմիտե
Նիստում քննարկվել են 2023թ. ընթացքում ՀՀ քննչական կոմիտեում կատարված աշխատանքների արդյունավետությանը, նախաքննության որակի ապահովմանը և արձանագրված խնդիրներին վերաբերող հարցեր։
«Քննված 149.673 քրեական վարույթից ակտիվ քննություն է իրականացվել 56.545-ով, ինչը 105.7%-ով կամ 29.063 վարույթով ավելի է նախորդ տարվա հաշվետու ժամանակաշրջանից»,–նշված է հաղորդագրության մեջ:
Բացատրվում է, որ նման աճը պայմանավորված է ոչ միայն հանցագործության դեպքերի որոշակի ավելացմամբ, այլ ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի ընդունման արդյունքում հետաքննության ինստիտուտի և նյութերի նախապատրաստման գործընթացի վերացմամբ և մինչդատական ամբողջ վարույթը քննիչների կողմից իրականացնելու նոր ընթացակարգով։ Բացի այդ, էական ազդեցություն է թողել նաև նախկինում կասեցված քրեական գործերն օրենքի պահանջով վերսկսելու հանգամանքը։
Նշենք, որ քրեական դատավարության նոր իրավակարգավորումներով` 2022թ հուլիսի 1-ից քրեական վարույթներն այլևս չեն կասեցվում, ինչը հանգեցրել է անավարտ մնացած վարույթների քանակի աննախադեպ աճի։
«Վարույթների քանակական նման ավելացումը լրջորեն ազդել է քննիչների ծանրաբեռնվածության վրա։ 2023թ 1-ին կիսամյակի ընթացքում մեկ քննիչի միջին ծանրաբեռնվածությունը, ակտիվ վարույթների կտրվածքով կազմել է 92 քրեական վարույթ՝ 2022թ նույն ժամանակահատվածի 58-ի դիմաց»,–նշված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ ավարտվել է 14 331 քրեական վարույթ, որը 2022թ առաջին կիսամյակի համեմատ ավելի է 6.525-ով կամ 83.5%-ով։ Նշված վարույթներից 3.587-ը ավարտվել է մեղադրական եզրակացությամբ և 4.078 անձի վերաբերյալ ուղարկվել դատարան։
Մեղադրական եզրակացությամբ ավարտված վարույթների քանակն աճել է 43.5, իսկ անձերի քանակը՝ 42.8%-ով: Բացի այդ, շուրջ 37,5%-ով նվազել է մեղադրական եզրակացությունը չհաստատված և նախաքննության վերադարձված քրեական վարույթների քանակը։
Նշված ժամանակահատվածում միայն նախաքննությունն ավարտված քրեական վարույթներով վերականգնվել է 2մլրդ 735մլն ՀՀ դրամի վնաս, որը 2022թ առաջին կիսամյակի համեմատ (1մլրդ 598 մլն դրամ) ավելի է 71%-ով։
Միայն ՀՀ ՔԿ տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում հիմնականում քննվող վարույթներով հաշվետու ժամանակահատվածում վերականգնվել է 9.662.583.000 ՀՀ դրամ գումար։
2023թվականի առաջին կիսամյակում ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության և դրա ենթակա ստորաբաժանումներում քննվել է ընդհանուր 17.096 քրեական վարույթ, դրանցից ավարտվել է 1.337-ի նախաքննությունը, որից 352-ն ավարտվել է մեղադրական եզրակացությամբ և 444 անձի վերաբերյալ ուղարկվել է դատարան։
Կարճվել է 985 քրեական վարույթ, որից 578-ը` ռեաբիլիտացնող, 406-ը` ոչ ռեաբիլիտացնող, իսկ 1-ը՝ այլ հիմքով:
ՀՀ քննչական կոմիտեի նախագահը նշել է, որ վերջին շրջանում զգալի արդյունքներ են արձանագրվել 44-օրյա պատերազմին առնչվող քրեական վարույթներով քննություններն ավատրելու գործընթացում։ Սակայն այդ ուղղությամբ աշխատանքներն ակտիվացնելու անհրաժեշտություն կա։ Նա հանձնարարել է անհետ կորած զինծառայողներին առնչվող քրեական վարույթների շրջանակներում ջանքեր գործադրել՝ նշանակված փորձաքննությունների արդյունքներն ստանալու, ինչպես նաև այդ զինծառայողների հարազատներին հընթացս քննության արդյունքների, հնարավոր պարզվող հանգամանքների վերաբերյալ տեղեկացնելու ուղղությամբ։