ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի – Sputnik. Պեմզաշենում մորը և երկու երեխաներին կյանքից զրկելու գործով կալանավորված Արկադի Բարսեղյանն օգստոսի 4-ից հացադուլ է հայտարարել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության մամուլի խոսնակ Նոնա Նավիկյանը։
«Նա ուզում է, որ իր գործը քննի ավելի փորձառու քննիչ, որպեսզի ապացուցվի նրա անմեղությունը։ Նա պահանջում է առերեսում ցուցմունք տված անձանց հետ»,– հայտնեց նա։
Նոնա Նավիկյանը հավելեց նաև, որ բժիշկներն ու քրեկատարողական ծառայության աշխատակիցներն արդեն այցելել են դատապարտյալին, բացատրական աշխատանքներ են տարել, որպեսզի հացադուլից դուրս գա, սակայն նա հրաժարվել է։
Բժիշկները նրա վիճակը գնահատում են բավարար։
ՀՀ քննչական կոմիտեից էլ հայտնեցին, որ միջնորդություն է ներկայացվել դատարան՝ 2 մեղադրյալների կալանքի ժամկետը ևս 2 ամսով երկարաձգելու վերաբերյալ։ Դատարանի որոշմամբ այն բավարարվել է։
Հիշեցնենք` Պեմզաշեն գյուղի 31-ամյա բնակչի ու նրա 12 և 8 տարեկան երեխաների դիերը նոյեմբերի 9-ին հայտնաբերվել էին սեփական տան ննջասենյակում։ Սպանված կնոջ ձեռքերն ու երեխաներից մեկի ձեռքերն ու ոտքերը կապված էին եղել։ Փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանությունը), ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (անչափահասի սպանություն)։
Ոստիկանությունը ձերբակալել էր 32 ու 36 տարեկան 2 կասկածյալի։ Ավելի ուշ նրանց կալանավորել էին։