Պարույր Հովհաննիսյանն Արցախում ստեղծված ճգնաժամը քննարկել է ԱՄՆ Սենատի պատվիրակության հետ

Հանդիպման ընթացքում ընդգծվել է Լաչինի միջանցքի արգելափակման անհապաղ վերացման անհրաժեշտությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի – Sputnik. ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում օրեցօր սրվող հումանիտար ճգնաժամը քննարկել է ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի աշխատակազմի տնօրեն Դեմյան Մերֆի ու քաղաքականության տնօրեն Սառա Արքինի հետ, որոնք ՀՀ-ում են գտնվում հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենեդեսի հանձնարարությամբ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Հանդիպման ընթացքում ընդգծվել է Լաչինի միջանցքի արգելափակման անհապաղ վերացման անհրաժեշտությունը` Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի որոշումների համաձայն:
«Պարույր Հովհաննիսյանը շեշտել է միջազգային գործընկերների կողմից հստակ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը՝ կանխելու Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից էթնիկ զտմանն ուղղված գործողությունները»,–նշված է հաղորդագրության մեջ։
Կողմերն անդրադարձել են տարածաշրջանում անվտանգություն, կայունություն ու խաղաղություն հաստատելու նպատակով հայկական կողմի կատարած քայլերին:
Հիշեցնենք` ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսի հանձնարարությամբ Հայաստան է այցելել հանձնաժողովի աշխատակազմի ներկայացուցիչներ Սառա Արքինի և Դեմյան Մերֆիի ղեկավարած պատվիրակությունը:
Օգոստոսի 8–ին, պատվիրակությունը Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի ուղեկցությամբ այցելել է Կոռնիձոր։