Միրզոյանը Իսպանիայի և Հունաստանի գործընկերների հետ քննարկել է Արցախի շրջափակումը

Արարատ Միրզոյան. Արխիվային լուսանկար
Հայաստանի արտգործնախարարն արտասահմանյան գործընկերների հետ զրույցում ընդգծել է Լաչինի միջանցքի ապաշրջափակման ուղղությամբ կոնկրետ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի – Sputnik. ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույցներ է ունեցել Իսպանիայի և Հունաստանի իր գործընկերների՝ Խոսե Մանուել Ալվարեսի և Գեորգիոս Գերապետիտիսի հետ։
Միրզոյանը X-ի (նախկին Twitter սոցցանց) իր միկրոբլոգում նշել է, որ նա իսպանացի նախարարին տեղեկացրել է Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի ու բնակչության համար սարսափելի հետևանքների մասին, այդ թվում՝ 30 հազար երեխաների, 20 հազար տարեցների ու 9 հազար հաշմանդամություն ունեցող մարդկանց համար:
«Ընդգծվել է Ադրբեջանի կողմից լիակատար շրջափակման վերացման անհրաժեշտությունը», - նշել է ՀՀ արտգործնախարարը:
Լաչինի միջանցքի շրջափակման հետ կապված իրավիճակը քննարկվել է նաև հույն նախարարի հետ։
Հայաստանի արտգործնախարարն ընդգծել է արդեն շուրջ 8 ամիս փակված Լաչինի միջանցքի վերաբերյալ ՄԱԿ-ի Միջազգային դատարանի վճիռների կատարման ուղղությամբ կոնկրետ քայլերի անհրաժեշտությունը:
Միրզոյանը նաև հայտարարել է, որ պետք է վերջ դնել Լեռնային Ղարաբաղի շրջափակմանը։