Միրզոյանն Արցախում ստեղծված աղետալի վիճակը ներկայացրել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալին

Հեռախոսազրույցի ընթացքում ընդգծվել է ստեղծված իրավիճակում միջազգային հանրության միասնական ջանքերի անհրաժեշտությունը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Արցախում ստեղծված աղետալի վիճակը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Յուրի Քիմի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Միրզոյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի՝ արդեն իսկ շուրջ 8 ամիս տևող ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում սրվող իրավիճակը, որը միջազգային հանրության աչքերի առաջ կարող է վերածվել իրական հումանիտար աղետի»,–նշված է հաղորդագրության մեջ:
Միրզոյանը շեշտել է, որ հունիսի 15-ից Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը գտնվում է լիակատար շրջափակման մեջ՝ բախվելով սննդի, դեղորայքի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների սուր պակասի:
Նա հավելել է, որ Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի շարունակական վատթարացումն ինքնին սպառնում է տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանն ուղղված` Հայաստանի և միջազգային հանրության ջանքերին։ Միրզոյանն ընդգծել է, որ առկա մեխանիզմները լավագույնս օգտագործելու և Արդարադատության միջազգային դատարանի որոշումներին համապատասխան Լաչինի միջանցքի արգելափակման անհապաղ վերացման անհրաժեշտություն կա:
Երկուստեք նշվել է իրավիճակի հանգուցալուծման ուղղությամբ քայլերի իրականացման անհրաժեշտությունը և պայմանավորվածություն ձեռք բերվել շարունակել շփումներն այդ ուղղությամբ:
Նախարար Միրզոյանը շեշտել է ստեղծված իրավիճակում միջազգային հանրության միասնական ջանքերի անհրաժեշտությունը:
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցին Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։