ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի – Sputnik. FlyOne Armenia ավիաընկերության վարձակալած օդանավերից մեկի տեխնիկական խափանման պատճառով այսօր կայանալիք Միլան-Երևան չվերթը հետաձգվել է: Տեղեկությունը հայտնում են ընկերության մամուլի ծառայությունից։
«FlyOne Armenia-ի Միլանի օդանավակայանի ներկայացուցչությունը պատրաստ է աջակցել ուղևորներին հարցերին հնարավոր լուծում տալու հարցում: Ավիաընկերության զանգերի կենտրոնը ևս հասանելի է` պատրաստ պատասխանել ձեզ հուզող բոլոր հարցերին»,–ասվում էընկերության տարածած հաղորդագրության մեջ:
FlyOne Armenia–ն հայցում է ուղևորների փոխըմբռնումը, և վստահեցնում, որ այս պահին արվում է հնարավոր ամեն ինչ` չվերթը հնարավորիս շուտ կայացնելու համար:
Նշենք, որ չվերթը պետք է կայանար Երևանի ժամանակով 22։20 րոպեին։
Հավելենք, որ FlyOne Armenia-ն 2021 թվականի հոկտեմբերի 27-ին է ստացել ավիափոխադրողի վկայական։ Թռիչքներ է իրականացնում մի քանի ուղղություններով՝ Մոսկվա, Լիոն, Փարիզ, Ստամբուլ, Բեյրութ, Լառնակա, Քիշնև, Թել–Ավիվ, Դուբայ և այլն։ Ընկերության ավիապարկը բաղկացած է Airbus A320 ինքնաթիռներից։ Ընկերությունը պատկանում է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին։