Մեր քրտինքը դաշտամուկը կերավ ու ամբարեց. Այգաբացում հաշվում են կրծողների հասցրած վնասը

Այգաբաց
Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Այգաբաց համայնքի բնակիչներն ահազանգում են՝ քրտինքով ցանած հացահատիկը կրծողներին է բաժին հասել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի – Sputnik, Արմենուհի Մխոյան. Արդեն 2-րդ օրն է` Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Այգաբաց բնակավայրում խուճապ է. դաշտամուկը կերել է բերքը: Գյուղաբնակները դիմել են համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանին՝ ահազանգելով, որ կրծողները ոչնչացնում են հացահատիկի հասած բերքը: Համայնքի ղեկավարի հանձնարարությամբ ստեղծվել է հանձնախումբ, որը տուն առ տուն է անցել ու գնահատել վնասը:
Շրջայցի ընթացքում պարզվել է, որ 10 օրվա ընթացքում կրծողները, նախնական տվյալներով, ոչնչացրել են շուրջ 60 հեկտար ցորենի ցանքատարածքների ամբողջ բերքը, մոտ այդքան տարածք էլ մասնակի է տուժել:

«Այգաբացում դաշտամուկը նոր բան չէ, բայց այս քանակի երբեք չի եղել։ Ձմեռը տաք է եղել, բազմացել են, մեր քրտինքը կերել։ Կրծողները նաև «խելացի» են գտնվել. հերիք չէ` հիմա են կերել, մի բան էլ փորել են հողը, ցորենը պահել հողի տակ»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց վարչական ղեկավարի օգնական Անդրանիկ Հարոյանը:

Կրծողները ոչ միայն Այգաբացին են վնաս հասցրել, այլև Ախուրյան համայնքի այլ բնակավայրերին։ Հիմնականում տուժել են բարձրադիր գոտիներում՝ սարերի տակ եղած համայնքները:
Ցորենի արտ Այգաբացում
Ախուրյան համայնքի գյուղատնտեսության ու բնապահպանության բաժնի ղեկավար Հովիկ Մելքոնյանը մեզ հետ զրույցում ասաց` եղել են դաշտեր, որ կոմբայնը դաշտամկից հետո չի մտել արտ. իմաստ չի եղել:
«Հիմա ոչ միայն ցորենի ու գարու դաշտերի խնդիրն է, այլ նաև կարտոֆիլի ու բանջարաբոստանային մյուս կուլտուրաների։ Բերքահավաքը վերջացավ, ու հիմա արդեն արտերում կեր չգտնելով` մտնելու են այնտեղ, որտեղ կեր կա»,- նշեց նա։
Բնակիչները մեծ մասը բերքը չի ապահովագրել, եթե անգամ ապահովագրել է, ապա կարկուտի դեմ. կրծողների մասով ապահովագրության մեջ խոսք չկա:
Մելքոնյանը վստահեցրեց, որ կրծողների դեմ պայքարի միջոցառումներ ժամանակին արվել են, բայց այս պահին այլ՝ ավելի լայնամասշտաբ միջոցառում է պետք։
Աշխատանքային խումբը գույքագրել է խնդիրները, ներկայացրել համայնքի ղեկավարին։ Նա էլ տվյալները կներկայացնի Շիրակի մարզպետարանին ու ՀՀ կառավարությանը:
Մինչ տվյալները քայլ առ քայլ կփոխանցվեն վերադասներին, դաշտամուկը արտից արտ է անցնում` ամբարելով նախ ցորենը, հետո էլ կարտոֆիլը։
ՀՀ-ում պարենային անվտանգության ռազմավարություն են մշակել. նախարարությունը պարզաբանում է