ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի – Sputnik. Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում օտարման ոչ ենթակա ընդհանուր օգտագործման հողերը սեփականության իրավունքով օտարվել են քաղաքացիների և իրավաբանական անձանց։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ դատախազությունը։
2023 թվականի մայիս-հունիս ամիսներին դատախազությունը մի շարք հայցադիմումներ է ներկայացրել ՀՀ վարչական և հակակոռուպցիոն դատարաններ օրենսդրության պահանջների խախտմամբ կայացված որոշումներն անվավեր ճանաչելու նպատակով։
Խոսքը վերաբերվում է անգամ 90–ականներին կայացված որոշումներին։
«Շահումյանի շրջանի Հաղթանակի գյուղխորհրդի կողմից 1990 թվականի հունիսի 13-ին և 1997 թվականի հոկտեմբերի 24-ին Հաղթանակ թաղամասում որոշ հողօգտագործողների տրամադրվել են հողի սեփականության իրավունքի պետական ակտեր՝ վավերացված կազմակերպաիրավական ձև չունեցող կնիքով։ 2022 թվականին հողօգտագործողները սեփականության իրավունքի պետական ակտերը ներկայացրել են Երևանի քաղաքապետարան: 2023 թվականի հունիսի 23-ին Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազությունը հայցադիմում է ներկայացրել վարչական դատարան»,– նշվում է հաղորդագրությունում:
Եվ 5 դեպք վերաբերում է 2004-2013 թվականներին կայացված որոշումներին։
Րաֆֆի 22 հասցեում գտնվող Վահան Զատիկյանի անվան այգու 290.0 քմ մակերեսով հողամասում կառուցված 571.8 քմ մակերեսով ինքնակամ կառույցը Երևանի քաղաքապետի` 2011 թվականի նոյեմբերի 16-ի որոշմամբ՝ համարվել է Երևանի սեփականություն, իսկ հաջորդ տարի Մ.Շ.-ն, որպես սեփականություն, Երևան համայնքից ձեռք է բերել հողամասն ու շինությունը:
2010 և 2013 թվականներին Երևանի քաղաքապետի կողմից օտարվել են համապատասխանաբար Անդրանիկի 121/8 հասցեում և Անդրանիկի 123/5 և 121/8 հասցեներում գտնվող «Իտալական» այգու հողամասերը, այն դեպքում, երբ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի 6-րդ կետի հիմքով՝ բնակավայրերում ընդհանուր օգտագործման հողերն արգելվում է սեփականության իրավունքով փոխանցել քաղաքացիներին և իրավաբանական անձանց:
Դատախազությունը 2 հայցադիմում է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան Անդրանիկի 43 հասցեի և դրան հարակից տարածքներում ինքնակամ կառույցները քանդելու պահանջով, քանի որ ինքնակամ կառույցները հետագայում ևս Հողային օրենսգրքի սահմանափակումներով պայմանավորված՝ ենթակա չէին օրինականացման:
Ըստ հաղորդագրության` 2004 թվականին Երևանի քաղաքապետը Մալաթիա-Սեբաստիա թաղային համայնքին օգտագործման իրավունքով տրամադրել է Բաբաջանյան 304 հասցեում գտնվող 8760 քմ մակերեսով «Շողեր» մսուր-մանկապարտեզն իր հողամասով, որը համայնքի ավագանու որոշմամբ նույն թվականին օտարվել է «Ա. Խալաթյան վարժարան» ՍՊԸ-ին: Հայցադիմումներ են ներկայացվել վարչական և հակակոռուպցիոն դատարաններ: