Կոռնիձորում կանգնած բեռնատարներին միացել է ևս մեկը. հումանիտար օգնությունը Ֆրանսիայից է

Վարդան Սարգսյան
Ավելի քան 20 տոննա հումանիտար բեռը ներառում է սնունդ և մակարոնեղեն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի – Sputnik. Կոռնիձորում արդեն 15 օր կանգնած ավտոշարասյանը միացել է ևս մեկ բեռնատար, այս անգամ` Ֆրանսիայից։ Հանրային հեռուստաընկերության եթերում տեղեկությունը հայտնել է ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը:
Նա նշել է, որ սա ֆրանսիական մի շարք քաղաքների և շրջանների նախաձեռնությունն է՝ ի համերաշխություն շուրջ 8 ամիս շրջափակման մեջ գտնվող ԼՂ ժողովրդին։ Ավելի քան 20 տոննա հումանիտար բեռը ներառում է սնունդ և մակարոնեղեն։
«Սա ևս մեկ անգամ վկայում է, որ ԼՂ-ում սրվող հումանիտար ճգնաժամը ստանում է է՛լ ավելի լայն հնչեղություն, միջազգային հնչեղություն և ապացուցում, որ անհրաժեշտ են հրատապ քայլեր Լաչինի ապօրինաբար փակված միջանցքը բացելու և ԼՂ հումանիտար հասանելիություն ապահովելու համար»,- ավելացրել է Սարգսյանը:
Նա վստահեցրել է, որ հումանիտար բեռը ԼՂ տեղափոխելու նպատակին հասնելու համար քննարկումներն ու քայլերը շարունակվում են։ Այս պահին որևէ նորություն չկա։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցին ավելի քան 225 օր շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։