«Խաղաղության պայմանագիրը» հայերի ձեռքում եղած միակ լծակն է. Վարդան Օսկանյան

Վարդան Օսկանյան
Եթե լծակը սխալ օգտագործվի, ապա կարող է մեր գլխին նոր վտանգներ, մասնավորապես` պատերազմ բերել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի – Sputnik. Հայերն իրենց ձեռքին միայն մեկ լծակ ունեն, ու դա, այսպես կոչված, «խաղաղության պայմանագիրը» ստորագրել–չստորագրելու լծակն է։ Ֆեյսբուքյան հերթական ուղիղ եթերի ժամանակ ասաց ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։
«Այդ լծակն այսօր բավականին թուլացել է, որովհետև ՀՀ իշխանություններն արդեն հայտարարել են, որ Արցախն Ադրբեջանի մաս է, ասել են, որ պատրաստ են Հայաստանից տարածքներ զիջել, բայց դրանք դեռ բանավոր են, գրավոր ստորագրելու լծակը դեռ իր ուժը չի կորցրել»,– նշում է Օսկանյանը։
Պնդում է` այդ լծակն այնպես պետք է օգտագործվի, որ մեր գլխին նոր պատերազմ չբերի։ Նախկին ԱԳ նախարարի կարծիքով` այսօր այդ լծակը շատ վտանգավոր ձևով է օգտագործվում, և դրա հետևանքով պատերազմի հավանականությունն օրեցօր ավելի մեծանում է։ Վստահ է, որ այս պահին վտանգավոր խաղ է ընթանում` հակառակորդին անընդհատ տարբեր բաներ են խոստացվում, բայց խոստումները դեռ չեն կատարվում։ Այս իրավիճակում բնական է, որ հակառակորդն ինչ–որ պահի կոնկրետ գործողությունների է գնալու, հատկապես որ ախորժակն ավելի գրգռված է։
Ըստ նրա` իշխանությունները թերևս հնարավորություն ունեն բանավոր իրենց խոսքից հետ կանգնելու, որն ավելի կուժեղացնի այդ լծակը։ Կարծում է, որ Փաշինյանի համար էլ նման փաստաթուղթ ստորագրելը հեշտ չի լինելու, որովհետև այն որևէ աղերս չունի հայ ժողովրդի շահերի հետ։
Օսկանյանը կարծում է, որ այսօր Արցախում ստեղծված հումանիտար ծանր ճգնաժամը նաև Փաշինյանի` Պրահայում կատարած հայտարարության հետևանք է։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այնտեղ հայտարարել էր, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86,6 հազար քառակուսի կմ տարածքով` Լեռնային Ղարաբաղը ներառյալ։
«Փաշինյանը պետք է հասկանա իր սխալն ու ուղղի այն։ Այսօր նա հնարավորություն ունի հետ կանգնելու իր հայտարարությունից` ելնելով հենց այսօրվա իրավիճակից։ Նա կարող է հենց այդպես էլ ասել` ես ինչ–որ բան եմ փորձել, բայց տեսնում եմ, որ մեր հակառակորդը դա չարաշահում է։ Ես հետ եմ կանգնում այս հայտարարությունից, և ես դրա իրավունքն ունեմ»,– կարծում է Օսկանյանը։
Վստահ է` Հայաստանը կարող է ասել, որ պատրաստ է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, եթե բանակցություններում այնպիսի ընթացք լինի, որ դրա վերջնարդյունքը արդար և կայուն խաղաղություն բերի մեր տարածաշրջանին ու երկու ժողովուրդներին։ Ըստ նրա` այսօրվա բանակցությունների ընթացքը դրա հնարավորությունը չի տալիս։
Մինչդեռ Փաշինյանը դեռ բանակցությունները չսկսած` արդեն Ադրբեջանին իր երազածի առավելագույնն է տվել` Արցախ, անկլավներ։
Հիշեցնենք՝ 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին փոխանցեց հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հինգ կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ ավելացրեց և ուղարկեց իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։
Վերջին շրջանում հայ–ադրբեջանական բարձր մակարդակի հանդիպումներ են անցկացվել Վաշինգտոնում, Բրյուսելում, Մոսկվայում, Քիշնևում։
ԵԽ ղեկավար Շառլ Միշելի միջնորդությամբ Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև վերջին հանդիպումը տեղի է ունեցել հուլիսի 15-ին Բրյուսելում։
Փաշինյանի, Միշելի և Ալիևի եռակողմ հանդիպմանը, ըստ ՀՀ վարչապետի մամուլի ծառայության, քննարկվել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ԼՂ–ում ստեղծված խորացող հումանիտար ճգնաժամին, երկու երկրների միջև սահմանազատման և սահմանային անվտանգության ապահովման աշխատանքներին, տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմանը, ՀՀ–ի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համաձայնագրին, ԼՂ ժողովրդի իրավունքների և անվտանգության հասցեագրմանը, ինչպես նաև գերիների, անհետ կորածների և այլ հումանիտար խնդիրներին վերաբերող հարցեր:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պարբերաբար հայտարարում է, որ խաղաղության պայմանագրի ստորագրման կարևոր պայմանը այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացումն է ու զինվորականների դուրսբերումը Լեռնային Ղարաբաղից։