ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի – Sputnik. Բելառուսում ընթացող ԱՊՀ երկրների 2-րդ խաղերում բրոնզե մեդալի համար գոտեմարտերում Հայաստանը ներկայացնող 6 ազատ ոճի ըմբիշներից 3–ը բրոնզե մեդալներ նվաճեցին։
61կգ քաշային Նորիկ Հարությունյանը գոտեմարտի մեկնարկում 0։6 հաշվով պարտվում էր Վիետնամի ներկայացուցչին, բայց հետո 9 միավոր վաստակեց ու մաքուր հաղթանակ տոնեց։
86 կգ քաշային կարգում Ազատ Կարապետյանը դժվարին պայքարում 7։5 հաշվով հաղթանակի հասավ Ղրղզստանի ներկայացուցչի նկատմամբ ու նույնպես դարձավ մրցումների բրոնզե մեդալակիր։
Բրոնզե մեդալի արժանացավ նաև Սերգեյ Սարգսյանը, որը 97 կգ քաշային կարգում երրորդ տեղի համար գոտեմարտում ժամանակից շուտ առավելության հասավ Տաջիկստանի ներկայացուցչի նկատմամբ։
Մեր հավաքականի մյուս տղաները` Նարեկ Հակոբյանը (57կգ), Հայկ Աբրահամյանը (65կգ), ), Նարեկ Հարությունյանը (74կգ), պարտվեցին բրոնզե մեդալի համար գոտեմարտերում։
Հիշեցնենք, որ խաղերն անցկացվում են Բելառուսի տարբեր շրջանների 10 քաղաքում՝ օգոստոսի 4-ից 14-ը։ Հայկական պատվիրակության կազմում Բելառուս են մեկնել 140-ից ավելի մարզիկներ տարբեր սպորտաձևերից։
Հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ Սահակ Հովհաննիսյանը (67 կգ) մրցումներում նվաճել է ոսկե մեդալ ու դարձել է չեմպիոն։ Սամվել Գրիգորյանն էլ (82 կգ) բրոնզե մեդալի է արժանացել։
Արդեն անցկացվել է նաև հրաձգության մրույթը, որտեղ Հայաստանի հավաքականը փոխչեմպիոն ունի` Նարե Գաբրիելյանը։
Հայաստանի վոլեյբոլի տղաների ընտրանին էլ առաջին հաղթանակն է գրանցել ԱՊՀ երկրորդ խաղերում։