Գեղհովիտի 24 բնակիչ ավելի քան 60 հազար դոլար վարկ են վերցրել ու խաբեության զոհ դարձել

ՀՀ քննչական կոմիտե
Քրեական վարույթը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է հսկող դատախազին՝ դատարան հանձնելու միջնորդությամբ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի – Sputnik. ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Գեղհովիտ բնակավայրի բնակիչ Թ․Կ․-ն, 2014-2017թթ․ իր 24 համագյուղացիներից խարդախությամբ խոշոր չափի գումարներ է ստացել ու հետ չի վերադարձրել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Մասնավորապես, նշված ժամանակատվածում Թ․Կ․-ն դիմել է իր 10 համագյուղացիներին իրենց անվամբ՝ իր համար, ՀՀ-ում գործող բանկերից մեկից վարկ ստանալու համար՝ նախապես խոստանալով վարկի գումարը և տոկոսագումարը վճարել։
Թ․Կ․-ն, նույն կերպ դիմել է նաև իր 13 համագյուղացիներին և Մարտունի համայնքի Աստղաձոր բնակավայրի մի բնակչի առաջարկելով իր աջակցությունը՝ բանկի կողմից նրանց վարկ տրամադրելու գործընթացում։
Միաժամանակ, նա դիմել է նաև այդ անձանց՝ իրենց անվամբ, իր համար, նույնպես վարկ ստանալ՝ խոստանալով վճարել։
Համագյուղացիները հավատալով Թ․Կ․-ի սուտ խոստումներին, գնացել են բանկի մասնաճյուղ, ստացել են իրենց անվամբ ձևակերպված վարկի գումարը և առձեռն փոխանցել են Թ․Կ․-ին։
Արդյունքում Թ․Կ․-ն հափշտակել է ընդհանուր 28.277.828 ՀՀ դրամին համարժեք 59.414 ԱՄՆ դոլար և 6.614.000 ՀՀ դրամ, որը տնօրինել է իր հայեցողությամբ:
2023թ․ հուլիսին Թ․Կ․-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Խարդախությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով) և նրան մեղադրանք է առաջարդվել։
Նախաքննությունն ավարտվել է։ Քրեական վարույթը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է հսկող դատախազին՝ դատարան հանձնելու միջնորդությամբ: