Արարատ Միրզոյանը ԼՂ–ում ահագնացող հումանիտար ճգնաժամը ներկայացրել է լիտվացի գործընկերոջը

Արարատ Միրզոյան
ՀՀ արտգործնախարարը շեշտել է միջազգային դերակատարների, այդ թվում` ԵՄ–ի ու ԵՄ անդամ պետությունների կողմից հստակ քայլեր իրականացնելու կարևորությունը Լաչինի միջանցքի արգելափակման վերացման հարցում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսի հետ հեռախոսազրույցում ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակն ու ահագնացող հումանիտար ճգնաժամը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարն ընդգծել է Լեռնային Ղարաբաղ սննդի, դեղորայքի և առաջնային անհրաժեշտության այլ ապրանքների մատակարարման հրատապությունը, ինչպես նաև ԼՂ մուտք ունեցող միակ միջազգային հումանիտար կազմակերպության՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի լիակատար ու անխափան գործունեության ապահովման անհրաժեշտությունը։
Նա անդրադարձել է նաև հուլիսի 29-ին բուժման նպատակով ԿԽՄԿ ուղեկցությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխվող Վագիֆ Խաչատրյանի՝ Ադրբեջանի սահմանային ծառայության կողմից առևանգման դեպքին՝ ընդգծելով Ադրբեջանի նման գործելակերպի բացարձակ անընդունելիությունը:
Միրզոյանը շեշտել է միջազգային դերակատարների, այդ թվում` ԵՄ–ի ու ԵՄ անդամ պետությունների կողմից հստակ քայլեր իրականացնելու կարևորությունը Լաչինի միջանցքի արգելափակման վերացման և Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից էթնիկ զտմանն ուղղված քայլերը կանխելու նպատակով։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցին ավելի քան 225 օր շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։