Արայիկ Հարությունյանը տեսազանգ է ունեցել Լուիս Օկամպոյի հետ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը. Արխիվային լուսանկար
Տեսազանգի ընթացքում Օկամպոն Արցախի նախագահի գլխավորած խմբին է ներկայացրել Արցախի շրջափակման վերաբերյալ իր իրավական հետազոտության արդյունքները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի – Sputnik. Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը տեսազանգ է ունեցել Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ, աշխարհահռչակ Հարվարդի և Յեյլի համալսարանների դասախոս Լուիս Մորենո Օկամպոյի հետ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը նամակով դիմել է Հարվարդի ու Եյլի համալսարանների դասախոս Օկամպոյին և խնդրել փորձագիտական կարծիք հայտնել Արցախում տիրող իրավիճակի կապակցությամբ։ Հուլիսի 31-ին Օկամպոն հրապարակային հայտարարեց, որ 7 օրում կնախապատրաստի իր եզրակացությունը։
Այսօր հրապարակված իր զեկույցում Օկամպոն փաստել է, որ Ադրբեջանի անվտանգության ուժերի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը, ինչը խոչընդոտում է ցանկացած սննդամթերքի, դեղորայքի և առաջին անհրաժեշտության այլ իրերի մատակարարումը ԼՂ, ցեղասպանություն է Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ։
Տեսազանգի ընթացքում Օկամպոն Արցախի նախագահի գլխավորած պաշտոնատար անձանց խմբին է ներկայացրել Արցախի շրջափակման վերաբերյալ իր իրավական հետազոտության արդյունքները:
«Օկամպոն ընդգծել է, որ հետազոտության ու վերլուծության արդյունքները շատ հստակ են՝ Ադրբեջանի կողմից այժմ Արցախում իրականացվում է տեղի հայ ժողովրդի ցեղասպանություն, և միջազգային հանրությունը պարտավոր է հրատապ ու գործուն քայլերով կանխել դրա հետագա ընթացքը»,–նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։