ԵՐԵՎԱՆ, 9 պգոստոսի – Sputnik. Մի կողմից ցածր վստահությունը և հիասթափությունն իշխանությունների նկատմամբ, մյուս կողմից` ավելի ցածր վստահությունն ընդդիմության նկատմամբ, հասարակության մոտ առաջացրել է ապատիա, որն արտացոլվել է GALLUP –ի հարցումներում։ Քաղաքագետ, սոցիոլոգ Հրանտ Միքայելյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում այսպես մեկնաբանեց ավագանու ընտրություններին ընդառաջ արված հարցումների արդյունքները։
«GALLUP International association»-ի արած հարցումների համաձայն` հարցվածների մեծամասնությունը` 33,4 %, դժվարացել է պատասխանել` կմասնակցի՞ արդյոք ընտրություններին, թե՞ ոչ, 11 %–ն ասել է, որ չի ընտրելու ոչ մեկին։ Քաղաքացիներից շատերը չեն վստահում արդար ընտրությունների անցկացմանը: Իսկ «Քաղաքացիական պայմանագրի» կողմից առաջադրված Տիգրան Ավինյանի օգտին քվեարկելու պատրաստակամություն է հայտնել հարցվածների 9,3 տոկոսը, որը համեմատաբար ավելի բարձր է մյուսներից։
«Բնակչության մեծամասնությունը կա՛մ ոչ ոքի չի վստահում, կա՛մ չունի կողմնորոշվածություն, կա՛մ չի բացահայտում իր ընտրած քաղաքական ուժը, որովհետև երկրում հիասթափություն կա և՛ իշխանությունից ու իր վարած արտաքին քաղաքականությունից (մասնավորապես` Արցախի հարցում), և՛ ընդդիմությունից։ Բացի այդ, շատերի մոտ նաև մտավախություն կա, որ իրենց գործից կհանեն, դրա համար չեն բացահայտում` ում են ընտրելու։ Հենց դա էլ նպաստում է, որ մենք ունենք նման արդյունքներ»,–ասաց Միքայելյանը։
Միևնույն ժամանակ, Միքայելյանը տրամաբանական է համարում իշխանության թեկնածուի` Տիգրան Ավինյանի առաջատար լինելը։ Նախ` քանի որ իշխանությունն, ինչպես միշտ, գործի է դնելու իր վարչական և տեղեկատվական ռեսուրսներն ու լծակները, և, բացի այդ, իշխանության (թեկուզ քիչ տոկոսներով) առաջատար լինելու հարցում մեղքի իր բաժինն ունի ընդդիմությունը, որն այս պահի դրությամբ տապալել է իշխանության հետ պայքարը։
Մեր զրուցակցի համոզմամբ` ընդդիմությունը չի կարողացել լուրջ այլընտրանք ներկայացնել իշխանությանը, և այժմ էլ իր պասիվությամբ շարունակում է հասարակության մոտ կորցնել իր վստահությունը։
«Իրականում ընդդիմադիր ուժերը համոզված չեն իրենց արդյունքի հարցում, և իրենք, հնարավոր է, մտավախություններ ունեին, որ շեմը չեն անցնելու։ Եվ, այո՛, կա հավանականություն` այդպես էլ լինի։ Օրինակ, նախորդ` խորհրդարանական ընտրություններում ԲՀԿ–ն չանցավ, ՀՀԿ–ն շեմը հաղթահարեց, իսկ ՀՅԴ–ն դաշինքով էր անցել։ Այս դեպքում տրամաբանական է, որ փորձում են ցույց չտալ իրենց թուլությունը, մյուս կողմից` դա ավելի ակնառու է դարձնում այդ թուլությունը»,–հավելեց նա։
Իսկ իրականում պատկերը, քաղաքագետի կարծիքով, այլ կլիներ, եթե ընդդիմությունը մեկ միասնական թեկնածուով հանդես գար, թեպետ միասնական հանդես գալու փորձը ևս հայ հանրությունը տեսել է, որի արդյունքը եղել է հենց ընդդիմության ներսում իրար հետ պայքարը։
«Ընդդիմության` նման վարքը առաջին հերթին ձեռք է տալիս և աշխատում է իշխանությունների օգտին. որքան շատ փոքր կուսակցություններ լինեն, որոնք չեն անցնի ավագանու կազմ, այդքան ավելի մեծ է հավանականությունը, որ իշխանությունը կարողանալու է իր համար նախընտրելի պատկեր ստանալ և նշանակել քաղաքապետ»,–կարծում է փորձագետը։
Ի դեպ, նույն հարցումների համաձայն` Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի օգտին հանդես է եկելհարցվածների 3,7 տոկոսը։ Այս թվի մեջ, ըստ Միքայելյանի, մտնում են այն մարդիկ, որոնք հրասթափվել են ՀՀ նարչապետ Նիկոլ Փաշինյանից, բայց հեղափոխությունը դեռ կարևոր իրադարձություն են համարում։
«Բացի այդ Մարությանի` ընտրություններին մասնակցելու այլ պատճառ կա. նրան գործից հանել են անհասկանալի ձևաչափով. նա ընտրված է եղել, հետո սկսել են ճնշումներ և այլն, և կիսատ է մնացել իր պաշտոնավորումը։ Դրա համար նա որպես այլընտրանք է ներկայանում, բայց նա իրականում ներկայացնում է այն նույն պլատֆորմը, որի վրա իշխանության է եկել Փաշինյանը»,–ընդգծեց նա։
Ամփոփելով` Միքայելյանն ընդգծեց` և՛ այս, և՛ նախորդ ավագանու ընտրություններն իրականում քաղաքական, և ոչ թե մենեջերի ընտրություններ են։
Հավելենք, որ այս պահի դրությամբ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու և քաղաքապետի պաշտոնին հավակնելու մասին հայտարարել են հետևյալ անձինք ու քաղաքական ուժերը.
Նախկին փոխվարչապետ, այժմ Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյան (իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն),
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյան,
Երևանի Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյան,
«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյան,
«Ազգային առաջընթաց» կուսակցության վարչության անդամ Հայկ Գրիգորյան,
ՀՀ արդարադատության նախկին նախարար, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արտակ Զեյնալյան,
«Հանուն սոցիալական արդարության» կուսակցություն (ՀԱՍԱԿ),
Տիգրան Արզաքանցյանի «Ուժը Հայրենյաց» կուսակցություն (ցուցակը գլխավորում է Նելլի Հարությունյանը),
«Մայր Հայաստան» շարժման համակարգող Անդրանիկ Թևանյան,
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարության։
Երևանի ավագանու ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 17-ին: