ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի - Sputnik. Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեիսուսը մտադիր չէ իր թեկնածությունն առաջադրել ՄԱԿ-ի հաջորդ գլխավոր քարտուղարի պաշտոնում: Այս մասին նա հայտնել է Bloomberg գործակալությանը։
«Բացարձակ ոչ, իրականում խայտառակություն է, որ մենք կին գլխավոր քարտուղար չունենք»,-ասել է նա՝ պատասխանելով իր մտադրությունների մասին հարցին։
Գեբրեիսուսը նշել է, որ մինչև օրս ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը միայն տղամարդիկ են զբաղեցրել։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում չառաջադրվելու մյուս պատճառը, նրա խոսքով, այն է, որ ինքն աշխատել է առանց հանգստյան օրերի և գրեթե առանց արձակուրդի 2005 թվականից ի վեր, երբ դարձել է Եթովպիայի առողջապահության նախարար:
Կորոնավիրուսային համավարակի ժամանակ ԱՀԿ-ի ծանրաբեռնվածության պատճառով կազմակերպության ղեկավարը վեց տարվա ընթացքում ընդամենը 24 օր է արձակուրդ վերցրել, և հիմա ցանկանում է ավելի շատ ժամանակ անցկացնել ընտանիքի հետ:
2022 թվականի մայիսին Գեբրեիսուսը վերընտրվել է երկրորդ հնգամյա ժամկետով՝ որպես ԱՀԿ գլխավոր տնօրեն։