Սովը քաղաքական գործիք դարձնելը հանցագործություն է մարդկության դեմ. Մարուքյան

Էդմոն Մարուքյան
Օրերս ադրբեջանցի պաշտոնյան ֆրանսիական թերթի հետ հարցազրույցում խոստովանել էր, թե ինչ նպատակ է հետապնդում Լաչինի միջանցքի շրջափակումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik. Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ սովը որպես քաղաքական գործիք օգտագործելը հանցագործություն է մարդկության դեմ։ X-ի (նախկին` Twitter) իր միկրոբլոգում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։
Նա հրապարակել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովի` ֆրանսիական Le Monde թերթին տված հարցազրույցը, որտեղ Ամիրբեկովն անկեղծորեն խոստովանել է` Ադրբեջանը փակել է Լաչինի միջանցքը և օգտագործում է սովըորպես քաղաքական գործիք Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ:
«Վերահաստատում ենք մեր պահանջն Ադրբեջանին ՝ դադարեցնել սովը որպես քաղաքական գործիք օգտագործել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ, որպեսզի ստիպեն նրան ընդունել իր պայմանները, ինչը մարդկության դեմ ուղղված հանցագործություն է»,– գրել է Մարուքյանը։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցին ավելի քան 225 օր շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։