Օպերայի և բալետի ազգային-ակադեմիական թատրոնի տնօրեն է դարձել Կարեն Դուրգարյանը

Կարեն Դուրգարյան
Տնօրենի պաշտոնի համար մրցույթին մասնակցել են երկու թեկնածուներ՝ Կարեն Դուրգարյանը և Լիլիթ Պետրոսյանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի - Sputnik. Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային-ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնի մրցույթում հաղթող է ճանաչվել Կարեն Դուրգարյանը։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հաստատեց ԿԳՄՍՆ–ի տեղեկատվական բաժնի պետ Կարինե Մանուկյանը։
ԿԳՄՍՆ–ից նշեց, որ մրցույթը տեղի է ունեցել այսօր։

«Տնօրենի պաշտոնի համար մրցույթին մասնակցել են երկու թեկնածուներ՝ Կարեն Դուրգարյանը և Լիլիթ Պետրոսյանը։ Ավելի շատ ձայներ ստացել է Կարեն Դուրգարյանը։ Հրամանագրումը կլինի սահմանված կարգով` երեք աշխատանքային օրերի ընթացքում»,–հավելեց Մանուկյանը։

Նշենք, որ ՀՀ վաստակավոր արտիստ, դիրիժոր Կարեն Դուրգարյանը Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է 2021 թվականի օգոստոսի վերջից։ Մինչ այդ Օպերային թատրոնի տնօրենն ու գեղարվեստական ղեկավարը Կոնստանտին Օրբելյանն էր, որը 2021-ի հունիսին նշանակվել է Նյու Յորքի քաղաքային օպերայի երաժշտական տնօրեն և դիրիժոր:
Լիլիթ Պետրոսյանը «Բալետ 2021» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրենն է, Գյումրու «Խառատյան» արվեստի կենտրոնի ծրագրային տնօրեն։