Մինչև 18։00 ժամանակ ենք տվել. պատերազմի մասնակիցները զգուշացնում են` կտրուկ քայլերի կդիմեն

Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են Լաչինի միջանցքը բացելուն և Արցախում հումանիտար աղետը կանխելուն ուղղված քայլեր ձեռնարկել
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik. Հանրապետության հրապարակում հանուն Արցախի բողոքի ակցիա իրականացնող պատերազմի մասնակիցները մինչև ժամը 18։00 ժամանակ են տվել կառավարությանը, որպեսզի Լաչինի միջանցքը բացվի, հումանիտար օգնությունն էլ հասնի Արցախ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Խաչակիրներ» ջոկատի հրամանատար, գնդապետ, «Խաչակիրներ» ռազմահայրենասիրական ՀԿ–ի նախագահ Սարգիս Պողոսյանը։
Նշենք, որ արդեն 1 ժամ է, ինչ «Խաչակիրներ» ջոկատի անդամներն ու նրանց աջակիցները կառավարության շենքի մոտ են։ Նրանք պահանջում են Լաչինի միջանցքը բացելուն և Արցախում հումանիտար աղետը կանխելուն ուղղված քայլեր ձեռնարկել, իսկ այդ ամենը չկատարելու պարագայում զինել իրենց, որպեսզի թեկուզ զոհվելու գնով, կարողանան բացել Լաչինի միջանցքը։
«Եթե մինչև ժամը 6-ը Արցախի ճանապարհը չբացվի, սնունդն էլ չմտնի Արցախ, ուրեմն մենք այդ ճանապարհը կբացենք։ Այդ պայմանն ասել եմ ու դուրս եմ եկել։ Հանդիպել ենք մի մարդու հետ, որը մեզ ոչնչով օգուտ տալ չէր կարող, միայն մեր ասածը պետք է փոխանցի։ Նիկոլ Փաշինյանին (ՀՀ վարչապետ) էր ուղղված իմ խոսքը»,– նշեց Պողոսյանը։
Նրա խոսքով` եթե այսօր հնարավոր լինի սննդով լի բեռները հասցնել Արցախ, ապա իրենք կանցնեն մյուս քայլերին, քանի որ պատերազմն ավարտված չէ։ Ըստ Պողոսյանի` Արցախը հնարավոր է պահել միայն պատերազմով։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցին ավելի քան 225 օր շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։