ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik. Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հորդորում է ՀՀ իշխանություններին` Լաչինի միջանցքի հարցով դիմել ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդին։ Այսօր իր տեսաուղերձում հայտարարեց Արցախի նախագահը։
«Հորդորում եմ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման և Արցախի ապօրինի շրջափակման հետևանքով առաջացած հումանտիր աղետը, որը վերածվել է ցեղասպանության հանցագործության, անհապաղ ներկայացնել ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի քննարկմանը` հրատապ և կոնկրետ քայլեր ենթադրող բանաձևի ընդունման նպատակով»,– հայտարարեց նախագահ Հարությունյանը։
Նա հորդորեց ՀՀ իշխանություններին դիմել միջազգային գործընկերներին՝ քննարկելու և սահմանելու պատժամիջոցներ Ադրբեջանի դեմ նրա կողմից իրականացվող միջազգային հանցագործությունները դադարեցնելու նպատակով։
Նա նաև կոչ արեց ՀՀ իշխանություններին, հանրային գործիչներին` զգույշ լինել իրավիճակի վերաբերյալ իրենց հայտարարություններում և գնահատականներում։
«Որևէ հայտարարություն կամ գործողություն չպետք է կասկածի դնի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը և չպետք է նպաստի Ադրբեջանի հետագա հանցավոր ագրեսիվ գործողություններին»,– հավելեց ԱՀ նախագահը։
Նա շեշտեց, որ հենց հիմա Արցախի Հանրապետության ժողովուրդը ենթարկվում է ցեղասպանության, կանգնած է ոչնչացման ու հայրենազրկման իրական սպառնալիքի առջև։
«Լաչինի միջանցքի արգելափակումը մեկուսացված դրվագ չէ, այն պետք է դիտարկել որպես Արցախի ժողովրդի ոչնչացնելուն ուղղված Ադրբեջանի լայնածավալ և ծրագրված քաղաքականության մաս»,– նշեց նախագահ Հարությունյանը։
Նրա խոսքով, որ միջազգային հանրությունը պարտավոր է գործուն քայլեր ձեռնարկել թույլ չտալու Ադրբեջանին մարդկության պատմությունը համալրել ևս մեկ զանգվածային սովամահության և ցեղասպանական էջով։
Արցախի նախագահը դիմեց նաև Ռուսաստանի Դաշնությանը` հայտարարելով, որ կարևորում է ռուսական խաղաղապահ առաքելության դերն Արցախում։
Նա կոչ արեց բազմապատկել ջանքերը Ադրբեջանի կողմից Արցախի ապօրինի շրջափակումն անհապաղ դադարեցնելու և 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ սահմանված Լաչինի միջանցքի գործառնությունը վերականգնելու ուղղությամբ։
Հարությունյանը դիմեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին` միասնական և անհատական ջանքեր գործադրել` ստեղծելու համապատասխան միջազգային մանդատով օժտված ամուր բանակցային ձևաչափ, որը կերաշխավորի բանակցությունների գործընթացի, դրա չափանիշներրի և վերջնարդյունքի համապատասխանությունը միջազգային իրավունքի նորմերին և համամարդկային արժեքներին։
ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի անդամ երկրներին Արայիկ Հարությունյանը կոչ արեց ԱԽ նիստ հրավիրել` քննարկելու Ադրբեջանի կողմից Արցախի ապօրինի շրջափակման հետևանքով սկսված ցեղասպանությունը, ինչպես նաև ընդունելու բանաձև, որը կպարտավորեցնի Ադրբեջանին անհապաղ ապաշրջափակել Լաչինի միջանցքը։
«Ցեղասպանության կանխարգելումը ոչ միայն յուրաքանչյուր պետության համընդհանուր պարտավորություն է, այլև միջազգային հանրության հավաքական պատասխանատվություն»,– շեշտեց Արայիկ Հարությունյանը։
Նա ակնկալում է, որ ՄԱԿ–ի ԱԽ–ն փաստահավաք առաքելություն կուղարկի Արցախ` տեղում իրավիճակին ծանոթանալու համար։
Արայիկ Հարությունյանը դիմեց նաև սփյուռքահայությանը` կոչ անելով տարբեր երկրներում հնարավորություններն օգտագործել իրենց ձայնը բարձրացնելու, Արցախում ստեղծված աղետալի վիճակը ներկայացնելու համար։
Դիմելով Եվրոպայի խորհրդին, Եվրամիությանը՝ Արայիկ Հարությունյանը կոչ արեց հավատարիմ մնալ ԵՄ հռչակած արժեքներին, զերծ մնալ Ադրբեջանի հետ էներգետիկ գործընկերությունը մարդու իրավունքներից գերակա համարող մոտեցումից։
«Արցախն այս պահին աշխարհում միակ տարածքն է, որը գտնվում է լիակատար պաշարման մեջ և որտեղ նույնիսկ միջազգային հանրությունը որևէ մուտք չունի։ Արդյոք ձեզ համար հարց չի՞ ծագում` որն է Արցախի խաղաղասեր ժողովրդին այսպիսի լիակատար մեկուսացման ենթարկելու Ադրբեջանի մղումը, արդյոք ձեզ չի՞ մտահոգում այն հանգամանքը, որ Արցախը դարձել է մարդու իրավունքների պաշտպանության առումով ոչ թե «գորշ գոտի», այլ «սև խոռոչ», որտեղ կարող են պատահել մարդկային քաղաքակրթության տեսած բոլոր հանցագործությունները։ Արդյոք չե՞ք գիտակցում, որ միջազգային այսպիսի անպատժելիությունը և նոր ցեղասպանության թույլատրումը ծնելու է նոր հանցագործություններ` միգուցե հենց ձեր ժողովուրդների հանդեպ»,– դիմելով միջազգային հանրությանը` հայտարարեց Արայիկ Հարությունյանը։
Նա ևս մեկ անգամ կոչ արեց քայլեր ձեռնարկել հիմա, քանի դեռ շատ ուշ չէ։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցին շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։