Կարմիր խաչի ֆինանսավորումն առաջիկա 2 տարում կկրճատվի

Կարմիր խաչի դրոշ
ԿԽՄԿ ներկայացուցչի խոսքով` կոմիտեն պետք է հարմարվի նոր իրողություններին, առաջիկա ամիսներին վերանայի իր գործունեությունն ու առաջնահերթությունները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik. Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) սպասում է, որ առաջիկա երկու տարում կկրճատվի միջազգային դոնորների կողմից մարդասիրական նախագծերի ֆինանսավորումը: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Հարավային Աֆրիկայում ԿԽՄԿ տարածաշրջանային պատվիրակության ղեկավարի տեղակալ Մուցա Մուգանգավարին:
«Դեռ վաղ է խոսել այն մասին, թե ինչպես կզարգանա մեր ֆինանսական իրավիճակը առաջիկա ամիսներին։ Բայց մենք սպասում ենք, որ առաջիկա երկու տարվա ընթացքում մարդասիրական ծրագրերի ֆինանսավորումը կկրճատվի: Նաև ավելի ու ավելի դժվար է դառնում ոչ նպատակային միջոցներ ներգրավելը, ինչը դժվարացնում է մոռացված ճգնաժամերի ֆինանսավորումը»,-ասել է Մուգանգավարին:
Նրա խոսքով՝ կոմիտեն պետք է հարմարվի նոր իրողություններին, առաջիկա ամիսներին վերանայի իր գործունեությունն ու առաջնահերթությունները ինչպես տեղերում, այնպես էլ ԿԽՄԿ կենտրոնակայանում:
Միևնույն ժամանակ Մուգանգավարին հույս է հայտնել, որ դոնորների աջակցությամբ ԿԽՄԿ-ն այնուամենայնիվ կկարողանա ավելի շատ միջոցներ ներգրավել 2023 թվականի իր կարևորագույն մարդասիրական գործողությունների համար:
Նրա կարծիքով` Կարմիր խաչը չպետք է մոռանա նաև այլ ձգձգվող զինված հակամարտությունների մասին, որոնք, օրինակ, շարունակվում են Աֆրիկայի Սահելշրջանում և Սոմալիում, որտեղ, Մուգանգավարիի խոսքով, բռնության աճ է նկատվում, որը սրվում է երկարատև երաշտի հետևանքների պատճառով։
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն մարդասիրական կազմակերպություն է, որը հիմնադրվել է 1863 թվականին, կենտրոնակայանը գտնվում է Շվեյցարիայի Ժնև քաղաքում։ Կազմակերպությունը ձգտում է օգնել ամբողջ աշխարհում հակամարտություններից և զինված բռնություններից տուժած մարդկանց: ԿԽՄԿ-ն ֆինանսավորվում է կամավոր ներդրումներից, որոնց մեծ մասը տալիս են կառավարությունները, ինչպես նաև մասնավոր աղբյուրները:
Կարմիր խաչն այցելել է Վագիֆ Խաչատրյանին. նա երկտող է փոխանցել