ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik. Համահայկական 8-րդ խաղերի մրցումային փուլը թափ է հավաքում: Ինչպես հայտնում է ԿԳՄՍՆ մամուլի ծառայությունը, այսօր ֆուտզալում պայքարի մեջ են մտել կանայք։ Այսօր նաև սկսվում է թենիսիստների մրցապայքարը։
Նշենք, որ օգոստոսի 7-ից պայքարը սկսվել է բասկետբոլ, ֆուտբոլ, ֆուտզալ, բադմինտոն, բազկամարտ, թենիս, լող և հանդբոլ մրցաձևերում:
Հիշեցնենք, որ խաղերի բացումը տեղի է ունեցել օգոստոսի 5-ին Գյումրու «Քաղաքային» մարզադաշտում։ Արդեն օգոստոսի 6-ին խաղարկվել է մեդալային առաջին հավաքածուն. Գյումրու «Սև բերդ» ամրոցում կայացել է սպորտային պարերի մրցումը: Մրցումային առաջին օրը Գյումրու սպորտային-պարահանդեսային պարերի թիմը 15 ոսկե, 8 արծաթե և 5 բրոնզե մեդալ է նվաճել՝ դառնալով հաղթող:
Օգոստոսի 7-ից մեկնարկել են բասկետբոլային հանդիպումները 4 մարզադահլիճներում՝ Շենգավիթի, Արթիկի, «Միկա» և «Արենա Դե ՏԷՑ»: Բասկետբոլի եզրափակիչները կկայանան օգոստոսի 18-ին «Միկա» մարզահամալիրում:
Ֆուտբոլի մրցաշարերը կհյուրընկալեն Գյումրու ակադեմիայի, Ամասիայի և Էրեբունու խաղադաշտերը: Մրցաշարի եզրափակիչը կայանալու է օգոստոսի 18-ին: Հանդիպումներն ընդունում են Եղվարդն ու Աբովյանը: Այս մրցաշարերում ևս եզրափակիչները նախատեսվում են օգոստոսի 18-ին:
Վոլեյբոլի հանդիպումներն անցկացվելու են Գյումրու ՄՊՄԴ մարզադահլիճում, «Գազպրոմ-Արմենիա» ուսումնամարզական համալիում, Գյումրու թիվ 30 միջնակարգ դպրոցում, Հայ-Սլավոնական համալսարանում: Բասկետբոլում կանանց եզրափակիչ խաղը կկայանա օգոստոսի 17-ին, տղամարդկանց պայքարում հաղթողը կորոշվի օգոստոսի 18-ին:
Լողափնյա վոլեյբոլի մրցումներում կանանց պայքարը կավարտվի օգոստոսի 14-ին, տղամարդկանց պայքարում հաղթողին կորոշեն օգոստոսի 17-ին:
Հիմնանորոգումից հետո առաջին անգամ մրցումներ կհյուրընկալի Արտաշատի քաղաքային մարզադաշտը. ատլետիկայի մրցումներն այստեղ կանցկացվեն օգոստսի 14-ից 16-ը:
Հիշեցնենք, որ 41 երկրների 181 քաղաքներից ժամանած ավելի քան 7 հազար մարզիկներ մրցելու են 19 մարզաձևում՝ ատլետիկա, բադմինտոն, բազկամարտ, գոլֆ, մինի-գոլֆ, թենիս, լող, հանդբոլ, հեծանվասպորտ, հրաձգություն, շախմատ, սեղանի թենիս, սպորտային պարեր, բասկետբոլ, ֆուտբոլ, ֆուտզալ, կանանց ֆուտզալ, վոլեյբոլ, լողափնյա վոլեյբոլ։