ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik. Ինչ էլ որ արվի, պետք է չափը չանցնել և հայրենակիցներին չվիրավորել։ Երևանի Հանրապետության հրապարակում Sputnik Արմենիայի լրագրողի հետ զրույցում նշեց Արցախյան առաջին պատերազմի մասնակից, «Խաչակիրներ» ջոկատի հրամանատար, գնդապետ Սարգիս Պողոսյանը։
Նա կոչ արեց այն քաղաքացիներին, ովքեր ավտոբուսներ ունեն, տրամադրեն իրենց, որ շարժվեն Կոռնիձոր, տեղում փորձեն հասկանալ, թե ինչպես կարող են օգնել ստեղծված իրավիճակում։ Շեշտեց` առայժմ սպասում են, որ իրենց շարքերը համալրվեն, ավելի շատ քաղաքացիներ միանան։ Դրա համար առաջարկում են փակել փողոցները։
«Բայց ինչ էլ անում ենք, կոռեկտ անենք, քաղաքացիներին չվիրավորենք, մեր հայրենակիցներն են։ Ուղղակի հայ կա` չի էլ գիտակցում, հիպնոսի տակ է, մարդկանց պետք է հասկացնենք, որ հասկանան` պետք չէ ճնշել, վիրավորել, որ հիմա ճանապարհ էլ փակենք, ոչ մի վարորդի պետք չէ վիրավորել»,– ասաց Պողոսյանը։
Նա հիշեցրեց, որ հանուն Արցախի իրենց կյանքը նվիրաբերած հարյուրավոր տղաներ հիմա Եռաբլուրում են հանգչում։ Ուստի իրենք պայքարը շարունակելու են մինչև վերջ, չեն նահանջելու, գնալու են դեպի Կոռնիձոր։ Թե ինչ կանեն այնտեղ, նշեց` իրենց անելիքն է։
«Մենք մեր Արցախն ենք ուզում, ուրիշի ունեցածը չենք ուզում»,– հավելեց Պողոսյանը։
Նշենք, որ այսօր վաղ առավոտից Արցախյան առաջին պատերազմի մի շարք մասնակիցներ բողոքի ակցիա են իրականացնում կառավարության շենքի մոտ` Լաչինի միջանցքի ապաշրջափակման պահանջով։