ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik. Գյումրին ընտրվել է 2024 թվականի ԱՊՀ սպորտային մայրաքաղաք։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունը։ Գյումրիում 2024 թվականին կանցկացվի ԱՊՀ երկրների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտի մեծ համաժողով։
Նշվում է, որ նման որոշում է կայացվել ԱՊՀ երկրների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի խորհրդի նիստում։ Ի դեպ, այս խորհրդի նախագահ էլ ընտրվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը 1 տարի ժամկետով։ Նրա լիազորություններն ուժի մեջ կմտնեն սեպտեմբերի 1-ից։
Հավելենք, որ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն աշխատանքային այցով Բելառուսի մայրաքաղաք Մինսկում է՝ հետևելու անցկացվող ԱՊՀ երկրորդ խաղերին։
Մինսկ այցի շրջանակում Կարեն Գիլոյանը հանդիպել է Բելառուսի սպորտի և տուրիզմի նախարար Սերգեյ Կովալչուկի հետ։ Նրանք քննարկել են հետագա համագործակցության ծրագրեր։ Կարեն Գիլոյանը նաև այցելել է Մինսկում գտնվող սպորտային գիտահետազոտական, վերականգնողական բժշկական կենտրոն, որը աշխարհում լավագույններից է իր տեխնիկական, գույքային հագեցվածությամբ։