Երևանի նախկին փոխքաղաքապետի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել

Նիկոյանը չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, որ «Սանիթեքը» հաղթի մրցույթում, ու կաշառք է ստացել դրա դիմաց։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik. Երևանի քաղաքապետի նախկին տեղակալ Վահե Նիկոյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ գլխավոր դատախազը սեփական նախաձեռնությամբ օգոստոսի 7-ին հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին նոր որոշում է կայացրել Երևանի քաղաքապետի նախկին տեղակալ Վահե Նիկոյանի նկատմամբ՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար:
Մասնավորապես, Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով պարզվել է, որ Նիկոյանը 2012 թվականի հունվարի 20-ից մինչև 2018 թվականի հոկտեմբերի 29-ը, զբաղեցնելով Երևանի քաղաքապետի տեղակալի պաշտոնը, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, ինչի արդյունքում աղբահանության և սանիտարական մաքրման ծառայությունների համար հայտարարված մրցույթում հաղթող են ճանաչվել «Սանիթեք (Sanitek s.a.r.l.)» ՍՊԸ, «Սանիթեք» ՍՊԸ հայաստանյան մասնաճյուղը և «Սանիթեք Ինթերնեյշնլ» ՍՊԸ–ն:
Երևանի նախկին փոխքաղաքապետ Վահե Նիկոյանն ազատ կարձակվի
Թեպետ «Սանիթեքը» տեխնիկական, ֆինանսական, մասնագիտական, աշխատանքային համապատասխան ռեսուրսներ չունենալով` ի վիճակի չի եղել պատշաճ մատուցել պայմանագրերով նախատեսված ծառայությունները, սակայն թերի, ոչ պատշաճ, իսկ որոշ դեպքերում` նաև չմատուցված ծառայությունների դիմաց Երևանի քաղաքապետարանի կողմից 3 մլրդ 200 հազար դրամ գումար է վճարվել՝ անզգուշությամբ առաջացնելով ծանր հետևանք:
Վահե Նիկոյանը նաև «Սանիթեքի» իրավասու պաշտոնատար անձանցից կաշառք է ստացել՝ ընդունելով իր հոր համար առանձնապես խոշոր չափերով գույքային օգուտ ստանալու առաջարկը: Մասնավորապես, Նիկոյանի հոր անվամբ գրանցված անշարժ գույքը2015 թվականին երկարաժամկետ վարձակալության է հանձնվել «Սանիթեքին»` մինչ այդ պահը տրված վարձակալության վարձավճարների չափն անհամեմատ գերազանցող վարձավճարով՝ 436 մլն 472 հազար 280 դրամով:
Դատախազությունը Վահե Նիկոյանից շուրջ 337 մլն դրամ է «պահանջում»
2019 թվականի հոկտեմբերի 3-ին «Սանիթեք» ու «Սանիթեք Ինթերնեյշնլ» ՍՊԸ–ների հետ կնքված աղբահանության և սանիտարական մաքրման ծառայությունների ձեռքբերման պայմանագրերը միակողմանի լուծվել են: Արդյունքում Վահե Նիկոյանը հոր համար ( որպես այլ առավելության տեսքով կաշառք) 2015-2019 թվականների համար փաստացի ստացել է շուրջ 141 մլն 273 հազար 953 դրամ գույքային օգուտ: