ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի - Sputnik. ԱԺ նոր նստաշրջանում կքննարկվեն Հռոմի ստատուտի (որը դեռ կառավարությունում է) ու «ՀայաՔվե» նախաձեռնության նախագծերը։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Օրաթերթի իշխանական աղբյուրների տեղեկություններով` ՔՊ-ում արդեն իսկ վերջնական որոշում կա «ՀայաՔվեի» հետ կապված. նրանք դեմ են քվեարկելու նախագծին:
Ինչ վերաբերում է Հռոմի ստատուտին, ապա ՔՊ-ականները դեռ չգիտեն ինչպես վարվել նախագծի հետ։
Հայաստանը Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը ստորագրել էր 1999թ–ի հոկտեմբերի 1-ին, սակայն չէր վավերացրել։ Գործընթացն ընդհատվել էր 2004թ–ի օգոստոսի 13-ին, երբ փաստաթուղթը ճանաչվել էր ՀՀ Սահմանադրությանը հակասող։
Աայդ ժամանակից ի վեր Սահմանադրությունը երկու անգամ փոփոխվել է։
ՀՀ սահմանադրական դատարանը մարտի 24-ին որոշեց, որ Հայաստանի միացումը միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությանը համապատասխանում է գործող Սահմանադրությանը։
Վավերացմանգործընթացնայժմ խորհրդարանական փուլում է։
«ՔՊ-ականները դեռ չգիտեն` ինչպես անեն, որ Ռուսաստանի հետ լարված հարաբերություններն ավելի չլարեն: Հենց սրանով է պայմանավորված, որ նախագիծը դեռ օդում կախված է մնում, կառավարությունն այն չի ուղարկում ԱԺ»,– գրված է թերթում:
Նշենք, որ «ՀայաՔվե» նախաձեռնության օրենքի նախագիծը Լեռնային Ղարաբաղի ինքնորոշումից հրաժարվելու և Հայոց ցեղասպանության նշանակությունը նսեմացնելու համար խիստ պատիժ է նախատեսում: Նախագիծը ԱԺ կմտնի սեպտեմբերի կեսին, այն ԱԺ-ում պետք է ընդունվի պատգամավորների ձայների մեծամասնությամբ:
Հիշեցնենք` հունիսի 20-ին հայտնի դարձավ, որ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը բավարարել է «ՀայաՔվե» նախաձեռնության դիմումը` 50 հազար ստորագրություն հավաքելու և Ազգային ժողով օրենսդրական նախաձեռնություն ներկայացնելու համար։
Օգոստոսի 5–ին «ՀայաՔվեի» ստորագրահավաքն ավարտվեց. դրան մասնակցել է ավելի քան 58 հազար քաղաքացի։