Արցախյան պատերազմի մասնակիցները փակում են Հանրապետության հրապարակ տանող ճանապարհները

Արցախյան պատերազմի մասնակիցները փակում են Հանրապետության հրապարակ տանող ճանապարհները
«Խաչակիր» ջոկատի անդամներն ու նրանց աջակիցները կառավարության շենքի մոտ են Լաչինի միջանցքը բացելու պահանջով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik. Արցախյան պատերազմի մասնակիցները, որոնք առավոտից բողոքի ակցիա են անում ՀՀ կառավարության շենքի մոտ, որոշել են փակել Հանրապետության հրապարակ տանող բոլոր ճանապարհները:
«Խաչակիր» ջոկատի անդամներն ու նրանց աջակիցները պահանջում են իշխանությունից քայլեր ձեռնարկել Լաչինի միջանցքի ապաշրջափակման և Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետի դադարեցման ուղղությամբ։
Նրանք պահանջում են իրենց զինել Լաչինի միջանցքն ուժով ապաշրջափակելու համար։
«Մենք թույլ չենք տա, որ մեզ անտեսեն։ Նրանք պետք է հասկանան, որ մենք լուրջ ենք տրամադրված», – հայտարարեց «Խաչակիրներ» ջոկատի հրամանատար, պահեստազորի գնդապետ Սարգիս Պողոսյանը։
Մինչև 18։00 ժամանակ ենք տվել. պատերազմի մասնակիցները զգուշացնում են` կտրուկ քայլերի կդիմեն
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցին ավելի քան 225 օր շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։