Արցախի նախագահը երկու քարի արանքում է, նա վախենում է Փաշինյանի շանտաժից․ քաղաքագետ

Նիկոլ Փաշինյանն ու Արայիկ Հարությունյանը. Արխիվային լուսանկար
Ըստ Սուրեն Սուրենյանցի` Հարությունյանն իր հարցազրույցում երկու կարևոր շեշտադրում արեց` հերքելով Փաշինյանի մանիպուլյատիվ հայտարարությունները։ Խոսքը Լաչինի միջանցքի վերաբերյալ մեղադրանքների և Արցախին օգնություն տրամադրելու մասին է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik. Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը երկու քարի արանքում է, նա վախենում է Նիկոլ Փաշինյանի շանտաժից։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը` անդրադառնալով Արայիկ Հարությունյանի` Արցախի Հ/Ը–ին տված հարցազրույցում հնչեցրած որոշ ուշագրավ մտքերին։
Նշենք, որ Արցախի նախագահը հարցազրույցում արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն մեղադրանքին, թե Լաչինի միջանցքով երթուղու փոփոխությունը Ստեփանակերտը կատարել է ինքնուրույն` ընդգծելով, որ Լաչինի միջանցքին փոխարինող երթուղու առումով ՀՀ-ի, Արցախի և Ադրբեջանի կողմից կար ընդհանուր ըմբռնում։ Հարությունյանը նաև հորդորել է Հայաստանի իշխանություններին զերծ մնալ այն քայլերից, հայտարարություններից, որոնք կարող են կասկածի տակ դնել Արցախի ինքնորոշումը։
Քաղաքագետը շատ կարևոր է համարում Նիկոլ Փաշինյանի որոշ բացահայտ մանիպուլյատիվ հայտարարությունների հերքումը։ Խոսքը նախ Լաչինի միջանցքի վերաբերյալ մեղադրանքի մասին է։
Բացի այդ, ըստ նրա, Հարությունյանի կողմից մեկ այլ կարևոր շեշտադրում կար Արցախին օգնություն տրամադրելու մասին։
«Ճիշտ է` շատ նուրբ ու երկչոտ խոսեց, բայց, այնուամենայնիվ, Նիկոլ Փաշինյանի այդ շահարկմանն էլ պատասխանեց, որովհետև այդ բյուջետային օգնությունը, որ տարեկան տրամադրվում է Հայաստանից Արցախին, դա ինչ-որ լավություն չէ, դա ՀՀ–ի օրենսդրության պահանջն է սկսած 1990 թվականից։ ՀՀ բոլոր իշխանությունները դա արել են, բայց երբևէ որևէ իշխանություն դա Ղարաբաղի երեսով չի տվել, որովհետև դա համարվել է Հայաստանի պարտականություններից մեկը»,–նշեց քաղաքագետը։
Հայց ընդդեմ Փաշինյանի. Հայաստանի և Արցախի փաստաբանները դիմել են վարչական դատարան
Հարցազրույցում հնչեցրած այլ մտքերում, ըստ փորձագետի, Արցախի նախագահը որևէ նոր բան չասաց, ու ստացվեց, որ Արայիկ Հարությունյանի ամենակարևոր մեսիջը ոչինչ չասելն էր։
Միևնույն ժամանակ Սուրենյանցը նշեց, որ Հարությունյանից այլ ակնկալիք պետք չէ ունենալ, որովհետև այսօրվա իրավիճակում ԼՂ իշխանությունից շատ քիչ բան է կախված։
Ինչ վերաբերում է Արցախի և ՀՀ իշխանությունների մասին տարաձայնություններին, և ԼՂ ղեկավարի կողմից դրանց մասին ոչ բացահայտ ակնարկին` մեր զրուցակիցը կարծում է, որ այդ հարցով Հարությունյանը բացահայտ խոսելու որոշակի կաշկանդվածություն ունի։
«Նա վախենում է Նիկոլ Փաշինյանի շանտաժից։ Վախենում է, որ Փաշինյանը, իր բնավորության համապատասխան, օրինակ, կհրապարակի Արայիկ Հարությունյանի ունեցած բիզնեսների ցանցը կամ այլ բաներ կանի։ Իսկ Նիկոլ Փաշինյանը ապացուցել է, որ ինքը կարող է շանտաժով, տարբեր տեսակի քարոզչական էժան մանիպուլյացիաներով, բադրիջաններով, աջաբսանդալներով, ոչ վայելուչ վարքագծով անվանարկել մարդկանց, թիրախավորել նրանց։ Արայիկ Հարությունյանն էլ այն կերպարը չէ, որ քաղաքական կամք ու համարձակություն ունենա։ Նա երբեք էլ կամային հատկանիշներով չի փայլել»,–ավելացրեց քաղաքագետը։
Ըստ նրա` Հարությունյանը այժմ երկու քարի արանքում է` մի կողմից վախենում է ընկնել Արցախի ցասում ապրող ժողովրդի «քացու տակ», որովհետև հուսահատ ժողովուրդը պատրաստ կլինի ամեն ինչի, մյուս կողմից վախենում է Նիկոլ Փաշինյանի շանտաժներից։ Հետևաբար, նա թեպետ երկչոտ կերպով գործելով, սակայն որևէ կերպ փորձում է խուսափել և ձերբազատվել այն քաղաքականության պատասխանատվությունը կրելուց, որը վարում է Նիկոլ Փաշինյանն Արցախի նկատմամբ։ Իսկ Փաշինյանը շատ բաց տեքստով ասել է, որ ինքը որևէ պատասխնատվություն չի զգում Ղարաբաղի և նրա ժողովրդի ճակատագրի հանդեպ և ըստ էության «փուռն է» տվել Արցախը։
Հիշեցնենք` Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը օգոստոսի 6–ին Արցախի Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել էր նաև, որ ՀՀ իշխանությունների հետ իրենք ունենք տարաձայնություններ արցախյան խնդրի հետ կապված։ Միևնույն ժամանակ նա վստահեցրել էր, որ ՀՀ իշխանությունների հետ հարաբերությունները, այնուամենայնիվ, բավականին ակտիվ են և կրում են պարբերաբար շփումների բնույթ։