ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik. ԿԽՄԿ–ի պաշտպանության տակ գտնվող բուժառուի առևանգումն անընդունելի է և պետք է դատապարտվի։ X-ի (նախկինում` Twitter) իր միկրոբլոգում գրել է ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։
«Հայաստանը գնահատում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մարդասիրական դերը Լեռնային Ղարաբաղում, դրա համար մենք ընդգծում ենք, որ Ադրբեջանի կողմից այդ գործունեության մշտական խոչընդոտումը և նրա պաշտպանության տակ գտնվող հիվանդի առևանգումն անընդունելի են և պետք է դատապարտվեն»,– գրել է Բադալյանը:
Նա ընդգծել է, որ Արցախում ավելի քան 1760 մարդ զրկված է բժշկական օգնությունից, հազարավոր մարդիկ չունեն բավարար դեղորայք։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Անհետաձգելի բուժօգնության կարիք ունեցող բուժառուներն այս ընթացքում Արցախից Հայաստան են տեղափոխվում ԿԽՄԿ միջնորդությամբ և ուղեկցությամբ։ Նրանցից մեկին` Վագիֆ Խաչատրյանին, հուլիսի 29–ին առևանգել են Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները։ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ նա ձերբակալվել է։ Վագիֆ Խաչատրյանը, ըստ մեղադրանքի, իբր հանցավոր խումբ է ստեղծել, որը 1991թ. դեկտեմբերի 21-ին մասնակցել է Խոջալուի շրջանի Մեշալի գյուղի բնակիչների դեմ հանցագործություններին։