ԱՄՆ Սենատի ներկայացուցիչները Կոռնիձոր են այցելել

Ամերիկացի պատվիրակներն իրենց աչքերով են տեսել, որ կենսական անհրաժեշտության բեռը մինչ օրս սահմանից այս կողմ է, ադրբեջանցիները թույլ չեն տալիս այն Արցախ հասցնել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik. ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսի հանձնարարությամբ Հայաստան է այցելել հանձնաժողովի աշխատակազմի ներկայացուցիչներ Սառա Արքինի և Դեմյան Մերֆիի ղեկավարած պատվիրակությունը: Տեղեկությունը ֆեյսբուքյան էջում հայտնում է Սյունիքի մարզպետարանի մամուլի ծառայությունը։
ԱՄՆ Սենատի պատվիրակությունը` Սյունիքի մարզում
Նշվում է, որ այսօր պատվիրակությունը Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի ուղեկցությամբ այցելել է Տեղ համայնքի Կոռնիձոր գյուղ։ Այստեղ ամերիկացի պատվիրակներին է ներկայացվել Հակարիի կամրջի փակ լինելու փաստն ու երկկողմ երթևեկության բացակայությունը։
ԱՄՆ Սենատի պատվիրակությունը` Սյունիքի մարզում
Նրանք նաև իրենց աչքերով են տեսել, որ ՀՀ կառավարության ուղարկած հումանիտար բեռով մեքենաները մինչ օրս կանգնած են սահմանից այս կողմ և չեն կարողանում կենսական անհրաժեշտության բեռը հասցնել Արցախի բնակիչներին։
Հավելենք, որ օգոստոսի 7-ին Սենատի ներկայացուցիչները հանդիպում են ունեցել Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի ու Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի հետ։ Հանդիպման ընթացքում նրանց ներկայացվել են Սյունիքի սահմաններին տիրող իրավիճակը, ՀՀ ինքնիշխան տարածքի հանդեպ Ադրբեջանի ոտնձգություններն ու Արցախի շրջափակման և դրա հետևանքներով առաջացած հումանիտար աղետը։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցին շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։