Ոչ մի բանակցություն. Զելենսկու գրասենյակը դեմ է հրադադարի ցանկացած սցենարի

Միխայիլ Պոդոլյակ
Կիևում կարծում են, որ այս փուլում հակամարտության սառեցումը Ռուսաստանի փաստացի հաղթանակ կնշանակի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի – Sputnik. Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտարարել է, որ Մոսկվայի հետ ոչ մի բանակցություն չի կարող լինել, և Կիևը դեմ է հրադադարի ցանկացած սցենարի: Նրա խոսքը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Ուկրաինայում հրադադարի և պատերազմի սառեցման ցանկացած սցենար ներկայիս դիսպոզիցիայի պայմաններում միայն մեկ բան է նշանակելու` Ռուսաստանի փաստացի հաղթանակ… դա կլինի արևմտյան աշխարհի մեծ պարտությունը և գոյություն ունեցող գլոբալ անվտանգության կարգի ավարտը»,- ասել է Պոդոլյակը:
Նա հավելել է, որ ստատուս քվոն պետք է փոխվի ռազմի դաշտում։
«Ուրեմն… ավելի շատ զենք, հրթիռներ և ինքնաթիռներ»,- ընդգծել է Պոդոլյակը։
Մոսկվան բազմիցս ասել է, որ պատրաստ է բանակցությունների, սակայն Կիևը օրենսդրական մակարդակով արգելել է դրանք։ Արևմուտքը ՌԴ-ին մշտապես բանակցությունների կոչ է անում, Մոսկվան պատրաստակամություն է դրսևորում, բայց միևնույն ժամանակ Արևմուտքում անտեսում են Կիևի մշտական մերժումները։
Ավելի վաղ Կրեմլում հայտարարել էին, որ Ռուսաստանի համար բացարձակ առաջնահերթությունը հատուկ գործողության նպատակներին հասնելն է, այս պահին դա հնարավոր է միայն ռազմական ճանապարհով, ՌԴ-ն բարձր է գնահատում բոլոր երկրների ջանքերը, որոնք փորձում են խաղաղ հուն տեղափոխել Ուկրաինայի հակամարտության լուծումը, սակայն առայժմ դա անհնար է։
Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան չի ցանկանում հակամարտությունը տեղափոխել ՌԴ տարածք
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։