ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի – Sputnik. «Վնուկովո» օդանավակայանի մաքսային ծառայության աշխատակիցները ձերբակալել են Հայաստանի 32-ամյա քաղաքացու, որը փորձել է վզին գցած Թուրքիա տեղափոխել 2 կգ քաշով 9 միլիոն ռուբլի արժողությամբ ոսկե շղթա։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին` վկայակոչելով ՌԴ Դաշնային մաքսային ծառայություն մամուլի ծառայությանը։
Հաղորդագրությունում նշվում է, որ տղամարդը եղանակին անհապատասխան հագուստով է եղել։ Մաքսայինի աշխատակիցները նկատել են, որ նա նյարդային է ու հուզված։
«Ավելի ուշ նա տեսուչներին ներկայացրել է դեղին մետաղական շղթա և հայտնել, որ դրա գինը 50 հազար ռուբլի է։ Սակայն փորձաքննությունը ցույց է տվել, որ շղթան բաղկացած է 999 հարգի ոսկուց և դրա արժեքը կազմում է 9 մլն ռուբլի»,– ասվում է հաղորդագրության մեջ:
Ոսկյա շղթան առգրավվել է։
Քննվում է ՌԴ քրեական օրենսգրքի 226.1-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործ հարուցելու հարցը (ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքների և ռեսուրսների մաքսանենգություն):
Այս հանցագործության համար առավելագույն պատիժը նախատեսում է ազատազրկում մինչև 7 տարի ժամկետով։