Պապիկյանն այցելել է ռազմական ոստիկանություն, խորհրդակցություն անցկացրել ղեկավար կազմի հետ

Սուրեն Պապիկյանն այցելել է ռազմական ոստիկանություն
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հանցագործությունների կանխարգելման և բացահայտման ուղղությամբ իրականացված միջոցառումներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր այցելել է ՊՆ ռազմական ոստիկանություն, խորհրդակցություն անցկացրել ղեկավար կազմի հետ: Տեղեկությունը հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գեներալ-մայոր Աշոտ Զաքարյանը պաշտպանության նախարարին զեկուցել է զինված ուժերում օրինականության և կարգապահության ամրապնդման ուղղությամբ տարվող աշխատանքների, առաջիկա անելիքների մասին:
«Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հորդորել է լինել անհանդուրժող արատավոր բարքերի նկատմամբ և ջանք չխնայել` դրանք զինված ուժերից արմատախիլ անելու համար»,-նշված է հաղորդագրության մեջ:
Սուրեն Պապիկյանն այցելել է ռազմական ոստիկանություն
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հանցագործությունների կանխարգելման և բացահայտման ուղղությամբ իրականացված միջոցառումներին, կարգապահության ամրապնդմանն ուղղված զորամաս-ռազմական ոստիկանություն փոխգործակցությանը և այլ թեմաների։
Նախարարը հանձնարարականներ և ցուցումներ է տվել հետագա աշխատանքների կազմակերպման վերաբերյալ: