Օգոստոսի 10-ից ՀՀ է ներթափանցելու հզոր ջերմային ալիք, ջերմաստիճանը կհասնի +42-ի․ Սուրենյան

Ամառ
Օգոստոսի 10-13-ին Երևանում և մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավատանգ իրավիճակ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի – Sputnik. Օգոստոսի 10-ից արաբական թերակղզու շրջաններից Հայաստան է ներթափանցելու հզոր ջերմային ալիք, որն իր հետ կբերի ջերմաստիճանի կտրուկ բարձրացում։ Տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
Նրա խոսքով՝ չնայած այն հանգամանքին, որ գիտական բոլոր վերլուծությունները ցույց էին տալիս, որ օգոստոս ամսվա համար մեր տարածաշրջանում սաստիկ շոգեր չեն սպասվում (ինչի մասին նա օգոստոսի 4-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարվել էր), սակայն մթնոլորտի շրջանառության կտրուկ փոփոխությունների արդյունքում կդիտվի բարձր ջերմաստիճան։
«Օգոստոսի 10-13-ը ընկած ժամանակահատվածում ամենաբարձր ջերմաստիճանը ցերեկը ժամը 16։00-18։00 ընկած ժամանակահատվածում Արարատյան դաշտում և Երևանում է՝ կանխատեսվում է մինչև +40․․․+42 աստիճան տաքություն»,-գրել է նա։
Սուրենյանը հավելել է, որ օգոստոսի 10-13-ին Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռնային հատվածում, Սյունիքի և Տավուշի հովիտներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավատանգ իրավիճակ։