ՄԱԿ–ի հատուկ զեկուցողները Բաքվին կոչ են արել վերականգնել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը

ՄԱԿ–ի դրոշ
Նրանք Ադրբեջանին հորդորել են կատարել միջազգային պարտավորությունները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի – Sputnik. ՄԱԿ–ի հատուկ զեկուցողներն իրենց զեկույցում Ադրբեջանին կոչ են արել անհապաղ վերականգնել Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ տեղաշարժը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Փորձագետները (ՄԱԿ–ի. խմբ.) կոչ են արել Ադրբեջանի իշխանություններին, 2020 թվականի նոյեմբերին կնքված հրադադարի համաձայնագրին համապատասխան, անհապաղ վերականգնել մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռնատարների ազատ և անվտանգ տեղաշարժը Լաչինի միջանցքի երկու ուղղություններով։ Նրանք նաև կոչ են արել տարածաշրջանում տեղակայված ՌԴ խաղաղապահներին հրադադարի մասին համաձայնագրի պայմանների համաձայն պաշտպանել միջանցքը», – ասվում է ՄԱԿ–ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության տարածած հայտարարության մեջ։
Նրանց խոսքով` վերջին 7 ամիսներին ԼՂ–ն Հայաստանի հետ կապող միակ ճանապարհի արգելափակումը հանգեցրել է նրան, որ բնակչությունը բախվել է հիմնական սննդամթերքի, դեղորայքի և հիգիենայի միջոցների խիստ պակասի, այն ազդել է բժշկական և կրթական հաստատությունների աշխատանքի վրա և վտանգի տակ դրել մարդկանց կյանքը։
«Մենք Ադրբեջանի կառավարությանը կոչ ենք անում կատարել միջազգային պարտավորությունները` կապված մարդու իրավունքները հարգելու և պաշտպանելու հետ, այդ թվում` սնվելու, առողջապահության, կրթության և կյանքի իրավունքը։ Մենք ընդգծում ենք նաև բոլոր ներգրավված կողմերի միջև համագործակցության և երկխոսության կարևորությունը` ԼՂ հակամարտության խաղաղ և կայուն կարգավորման համար», – նշված է հայտարարության մեջ։
Փաստաթուղթը ստորագրել են նաև սննդի իրավունքի հարցերով հատուկ զեկուցող Մայքլ Ֆահրին և կրթության իրավունքի հարցերով զեկուցող Ֆարիդ Շահիդը։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցին ավելի քան 225 օր շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։