ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի – Sputnik. Անհրաժեշտ է կոնկրետ քայլեր ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ որոշումների կատարման համար։ Այս մասին Twitter-ի իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը:
ԱԳՆ մամուլի խոսնակը հիշեցրել է, որ հունիսին Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովը բանաձև է ընդունել Լաչինի միջանցքի ապաշրջափակման անհրաժեշտության մասին։ Փաստաթուղթն ընդունվել է Փոլ Գավանի զեկույցի հիման վրա։ Վերջինս օգոստոսի 4 - ին հայտարարել է, որ տեղի ունեցածը Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության էթնիկ զտումների կանխամտածված փորձ է։
«Այժմ անհրաժեշտ են հստակ քայլեր, որոնք անհրաժեշտ են բոլոր միջազգային կոչերն ու որոշումները կյանքի կոչելու համար»,– գրել է նա:
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցին ավելի քան 225 օր շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։