ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի – Sputnik. ՅՈւՆԻՍԵՖ-ը կոչ է անում բոլոր կողմերին ապահովել մարդասիրական հասանելիություն Լեռնային Ղարաբաղի երեխաներին և նրանց ընտանիքներին առաջին անհրաժեշտության իրերի բաշխման համար: Այս մասին ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային մասնաճյուղից հայտնել են «Լուրերի» հարցմանն ի պատասխան։
Նշել են, որ ՅՈւՆԻՍԵՖ-ը միանում է ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի կոչին՝ միջազգային մարդասիրական իրավունքում և երեխայի իրավունքներում ամրագրված սկզբունքներին համապատասխան։
«Մենք վճռականորեն կոչ ենք անում ներգրավված բոլոր կողմերին և նրանց վրա ազդեցություն ունեցողներին՝ երեխաների անվտանգությունն ու գոյատևումը վեր դասել բոլոր մյուս նկատառումներից»,- նշել են ՅՈւՆԻՍԵՖ-ից:
Գուտերեշը օրեր առաջ իր մտահոգությունն էր հայտնել Լաչինի միջանցքում տեղաշարժի ազատության հետ կապված խնդիրների մասին հաղորդագրությունների առնչությամբ։ Նա նաև ասել էր, որ կողմերը պետք է ակտիվացնեն ջանքերը հաջողությունների երկարաժամկետ կարգավորման ուղղությամբ։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցին ավելի քան 225 օր շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։